ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը, ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման ցուցանիշների համակարգը։ Առաջին անգամ սույն ռազմավարությամբ սահմանված են հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի եւ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի, դրա կառուցման ինստիտուցիոնալ, կոռուպցիայի գնահատման եւ միջոցառումների իրականացման ցուցանիշների համակարգերը։ Վարչական մոնիտորինգի փոխարեն որդեգրվում է ըստ արդյունքների մոնիտորինգի իրականացման ու գնահատման համակարգ։ Ամեն տարվա ավարտին գնահատվելու են ոչ թե կատարված գործողությունները, այլ ստացված արդյունքները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նոր ռազմավարությունը հանգամանորեն քննարկվել է, հաշվի են առնվել բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկություններն ու դիտողությունները։ Կարեւորագույն այս փաստաթուղթն արժանացել է նաեւ միջազգային կազմակերպությունների հավանությանը։ Փաստաթուղթը որակապես տարբերվում է նախորդից, այն չափելի է, ամեն ոք կարող է գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը։ Երաշխավորված է իշխանության եւ հանրության փոխադարձ կապը։ Մոնիտորինգային խմբերում ընդգրկվելու են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հավասար հիմունքներով մասնակցելու են բոլոր աշխատաքններին, եզրափակել է վարչապետը։