ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում է «Արմթեք 2009» գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռաքոուին և առաջին փոխնախագահ Հարութ Սասունյանին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և հիմնադրամի միջև համագործակցության հարցերը։
Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Արմթեք 2009» համաժողովը տեղի է ունենալու «Սիլիկոնային հովտի» կենտրոն Սան Հոզե քաղաքում։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք։