ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը նա շնորհավորել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին` այդ պաշտոնում նշանակվելու, ծննդյան օրվա առթիվ` պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանին, կառավարության անունից նրանց մաղթել քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք։
Այնուհետեւ վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ կառավարության նիստը սկսել` մի կարեւոր խնդրի վրա ձեր ուշադրությունը հրավիրելով։ Տեղյակ եք, որ այս օրերին իմ գործընկերը` Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, գտնվում է Միացյալ Նահանգներում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել է հանգանակություն, եւ գիտեք, որ այս տարվա թեման Շուշին է, Շուշիի վերականգնման աշխատանքները։ Կարծում եմ` կհամաձայնեք ինձ հետ, որ Շուշիի վերականգնումը ազգային արժանապատվության խնդիր է մեզ համար։ Այդ իսկ առումով մենք բոլորս պարտավոր ենք մասնակցել հանգանակությանը եւ մեր անձնական ներդրումը կատարելով, մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին առաջնորդենք, ուղղորդենք, որպեսզի լինի լայն մասնակցություն այս գործընթացին։ Ես եւ իմ ընտանիքը նույնպես մասնակցելու ենք այս հանգանակությանը, կատարելու ենք մեր ներդրումը` դրանով իսկ առաջնորդելով մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, հարազատներին։ Այստեղ գտնվող բոլոր պաշտոնատար անձինք իրենց անձնական օրինակով պետք է ոգեւորեն իրենց աշխատակիցներին, իրենց շրջապատող մարդկանց։ Համաձայնեք, որ մեր անձնական պարտքն է մասնակցել այս հանգանակությանը։ Ես ուզում եմ, որ այս տրամադրությունը հաղորդեք նաեւ ձեր կոլեկտիվներին»։