ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՎԱԼԴԻՍ ԶԱՏԼԵՐԻՍ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունից տնտեսական ակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր։
Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ շփումների եւ գործարար կապերի հաստատումը, երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելուն միտված քայլերի ակտիվացումը, հույս հայտնել, որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ նախադրյալներ կստեղծի Երեւանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովը։
Երկկողմ տնտեսական հարաբերությունների մեկնարկի համար հեռանկարային են համարվել համագործակցությունը առեւտրի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության բնագավառներում։ Կարեւորվել են նաեւ մշակութային կապերի աշխուժացումը, որը լավ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործում, ինչպես նաեւ միջբուհական, գիտակրթական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հանդիպումն անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում։