ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ` 2009-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Պետական պաշտոնյաներին շատ բաներ կարելի է ներել, շատ հարցերում կարելի է ներողամիտ լինել, բայց պետական միջոցին ձեռք գցած պաշտոնյան պետք է լինի ամենից զզվելի մարդը մեր հանրության մեջ: Այդպիսի մթնոլորտ ձեւավորելու գործում կարեւոր է Վերահսկիչ պալատի դերը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ ՀՀ նախագահի` ՎՊ-ի 2009թ. գործունեությունից ինքն ունի գոհունակության զգացում: «Բայց ասածս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, եւ զարգանալու տեղ չկա: Ընդհակառակը, ասածը նշանակում է, որ դուք սկսել եք աշխատել նորմալ, եւ մենք անպայման պետք է ակտիվանանք ու խորացնենք ինչպես մեր գիտելիքները, բարելավենք աշխատանքի որակը»,-նկատեց նա` ավելացնելով, որ 2010-ին ՎՊ-ն պետք է կարողանա իր աշախատանքն ավելի լավ ներկայացնել հասարակությանը, բերված թվերն ու փաստերը պետք է լինեն ավելի համոզիչ, քանի որ հանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում, թե ինչպե±ս է պատահում, որ ՎՊ-ն վեր է հանում խնդիրները, չարաշահումները, վատնումների փաստերը, բայց լուրջ, աղմկոտ գործեր չեն առաջանում, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն դատապարտվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում: «Հարցադրումենրը օբյեկտիվ են. այս առումով, կարծում եմ, 2010-ին ձեր խնդիրը պետք է լինի նաեւ շատ ակտիվ աշխատելը իրավապահների հետ. ակնհայտ է, որ բոլոր այն փաստերը, որ հնչում են, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են նաեւ լինում, բայց մույս կողմից էլ միշտ չէ, որ թերությունը բավարար է, որպեսզի մարդուն քրեական պատասխանատվության կանչես: Իմ ասածն այն է, որպեսզի մենք էլ խստապահանջ լինենք մեր ասածների նկատմամբ եւ հետեւողական լինենք մեր երեւան հանած թերությունները մինչեւ վերջ վերացնելու գործում. սա չափազանց էական հանգամանք է»,-նշեց Ս. Սարգսյանը: