2009Թ.-ԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԱԾ 4 ՈԼՈՐՏՆԵՐԸ ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կառավարության անդամների անունից Տիգրան Սարգսյանին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ նորանոր հաջողություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։ Այնուհետեւ նա դիմել է նիստի մասնակիցներին.
«Այսօրվա նիստն ուզում եմ սկսել տարեկան հաշվետվությունների թեմայից։ Մենք ավարտեցինք բոլոր նախարարությունների հաշվետվությունները, քննարկեցինք եւ նաեւ կարողացանք արձանագրել, թե որոնք են մեր ակնառու հաջողությունները 2009թ., որոնք են բացթողումները եւ 2010-ի գերակա խնդիրները, որոնք լինելու են մեր նախարարների անմիջական վերահսկողության տակ։ Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները։
Առաջին, պետական եկամուտների կոմիտեի գործունեության արդյունքում մեզ հաջողվել է 2009թ. էապես նվազեցնել գերավճարները։ Այդ հիմնախնդիրը մենք չէինք կարողանում լուծել տարիներ շարունակ, եւ ահա առաջին անգամ շուրջ 25 մլրդ դրամով նվազեցրել ենք գերավճարները, այսինքն` 25 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ են մնացել մեր տնտեսվարող սուբյեկտների մոտ։ 2009թ. 24 մլրդ դրամի արտոնություն է տրամադրված 32 հազար փոքր եւ միջին ձեռնարկությունների, 15 տոկոսով նվազել են հաշվետվությունները` հեշտացնելով շփումները պետական եկամուտների կոմիտեի հետ։ Մեր քաղաքացիներին ՀԴՄ կտրոններով վճարվել են 3.7 մլրդ դրամի բոնուսներ։
Երկրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք լուրջ հաջողություն, առողջապահությունն է։ Ծնելիության օժանդակության, ծննդօգնության պետական ծրագիրը տվել է իր դրական արդյունքը։ 2009թ. 2008-ի համեմատ 3 հազարով աճել է ծնելիության թիվը։ Այս բնագավառի կարեւոր հաջողություններից մեկն այն է, որ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության տվյալներով ստվերայնությունն այս ոլորտում 90 տոկոսից նվազել է մինչեւ 21 տոկոս, ինչը, բնականաբար, ոլորտի բարեփոխման հաջողություններից է։
Հաջորդը սոցիալական ոլորտն է, որտեղ մենք աննախադեպ միջոցառումներ ենք իրականացրել։ Ունենալով 14 տոկոս տնտեսական անկում, ոչ միայն 16 տոկոսով ավելացրել ենք թոշակները եւ 12 տոկոսով` սոցիալական նպաստները, այլեւ երրորդ եւ ավելի երեխաների պարագայում 300 հազարանոց վճարը դարձրել ենք 430 հազար դրամ։ Բացի այդ, խնամքի վճարը ճգնաժամային տարվա ընթացքում 3 հազար դրամից շեշտակի ավելացնելով դարձրել ենք 18 հազար դրամ։ Միանվագ վճարները երեխաների համար 35 հազար դրամից հասցրել ենք 50 հազար դրամի։ Բնականաբար, դա դրական է ազդել սոցիալական իրավիճակի վրա։
Եվ չորրորդ ոլորտը, որտեղ մենք ունենք ակնառու հաջողություն, ոստիկանության աշխատանքն է։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մենք արձանագրել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում, ընդ որում` ԱՊՀ երկրների եւ միջազգային տվյալների համեմատ Հայաստանը նվազման բացառիկ ցուցանիշ է արձանագրել։ Շատ ուրախալի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների թիվը 2008թ. համեմատ նվազել է 84-ով, իսկ մարմնական վնասվածք ստացածների թիվը` 372-ով։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն, այս ցուցանիշները դրա վառ վկայությունն են։ Այնպես որ, ես ուզում եմ, որ մենք ոգեւորված լինենք 2009թ. մեր հաջողություններով, չխոսենք միայն բացթողումների եւ խնդիրների մասին, որոնք մեզ մատուցեց համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը։ Մնացած բոլոր ոլորտներում նույնպես ունենք հաջողություններ։ Մենք դրանց դեռեւս կանդրադառնանք, բայց ես թվարկեցի այն հաջողությունները, որոնք մեր ընտանիքները զգացել են, եւ այն հաջողությունները, որոնք առնչվում են մարդկանց կյանքի հետ։ 84 հոգու մենք փրկել ենք. որովհետեւ մեր ոստիկանությունն արդյունավետ է աշխատել 2009 թվականին։ Ծնելիությունն ավելացել է, որովհետեւ պետության ծրագիրը արդեն տալիս է բավական լուրջ արդյունքներ, եւ մենք վստահ ենք, որ 2010 թվականին այս հաջողությունները ոչ միայն ամրապնդվելու, այլ նաեւ զարգանալու են։ Այդ առումով ուզում եմ նաեւ բոլորիդ շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ մենք իրականացրել ենք 2009 թվականին` այդ դժվարագույն տարվա ընթացքում»։