
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը։ Դիմելով կազմակերպության շարքերը համալրող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք այսօր անդամակցեցին Երկրապահ կամավորական շարժմանը։ Սա նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետությունում տալիս է իր պտուղները, եւ մենք ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը»։
Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին։