
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԶԲ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ. ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանը։ Վարչապետը նշել է, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում։
Վարչապետն անդրադարձել է Զվարթնոցում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ գյուղմթերքների մեծածախ ցանցի ձեւավորմանը եւ ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարեւորությունը։
Կողմերը քննարկել են նաեւ երկաթուղու կառուցման եւ Երեւանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար։
Փոխադարձաբար կարեւորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ դրանցում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը։