ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԻՆ
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ ՀԲ-ի պատվիրակության այցը ճիշտ ժամանակին է, քանի որ, ըստ Տիգրան Սարգսյանի, միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի օժանդակությունն այսօր չափազանց էական է մեր երկրի համար: Նա ընդգծել է, որ այդ օժանդակության շնորհիվ, Հայաստանը մինչ այժմ կարողացել է դիմակայել համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքին, բայց նման աջակցությունը ներկայումս ավելի քան հրատապ է, քանի որ արագ եւ համալիր գործողություններ չիրականացնելու դեպքում, սպասվող արդեն տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին շատ ավելի դժվար կլինի դիմագրավել: Մանավանդ որ, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մասշտաբները զգալիորեն աճել են ու մեծ ռեսուրսներ են պահանջում: ՀՀ վարչապետը նշել է, որ Վաշինգտոնում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ՀԲ-ի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունը, համագործակցության ծրագրի շրջանակներում, կուղղվի մեր երկրի տնտեսության ռազմավարական երեք ուղղությունների` էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհային շինարարության ոլորտներում հիմնարար ծրագրերի, ինչպես նաեւ ավելի փոքր ֆինանսական միջոցներ պահանջող` կրթության, կառավարման համակարգի, գյուղատնտեսության, սոցիալական ներդրումների ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Ակնկալվող եւս 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակությունը կտրամադրվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանմանը:
ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը եւ պատվիրակության անդամներն իրենց տեսակետներն են արտահայտել բարձրացված հարցերի շուրջ, անդրադարձել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարավոր զարգացումներին: