ԱԺ մշտական հանձնաժողովներն ավարտել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի համատեղ քննարկումները
Ավարտվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:
Առաջիկա երեք օրվա ընթացքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները, ըստ անհրաժեշտության, կհրավիրեն իրենց ոլորտներին վերաբերող գերատեսչությունների ղեկավարներին, կքննարկվեն բյուջեի վերաբերյալ հարցեր, որոնց հիման վրա էլ կամփոփվեն քննարկումները և կներկայացվեն գրավոր առաջարկներ:
Հիշենենք, որ 2014 թվականի համար մեր երկրի իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.2 տոկոսի չափով, որին, ըստ սպասումների, հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճերը:
Բյուջեի նախագծի համաձայն՝ աճի կանխատեսումը հիմնված է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությամբ պայմանավորված բարեփոխումների իրականացման, գործարար միջավայրի բարելավման, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ավելացման ենթադրությունների վրա:
Ի դեպ, արդյունաբերությունում իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս, գյուղատնտեսությունում` 5 տոկոս, շինարարության և ծառայությունների ոլորտներում՝ համապատասխանաբար 3 տոկոս և 5.2 տոկոս, իսկ արտադրանքի հարկերը (հանած սուբսիդիաներ)` 5 տոկոս:
Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 134.4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 244.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 110.5 մլրդ դրամ:
Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2014 թվականի համար ծրագրվել են 1,092.3 մլրդ դրամի չափով: