Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կստորագրվի նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև
13/05/2014 14:52
Կիսվել

Կստորագրվի նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Ֆրանսիայի Նախագահը Նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի Նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:
Նախագահի նստավայրում ստորագրման արարողությունից հետո, Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Կրկին ողջունում եմ Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ պարոն Օլանդի անդրանիկ պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այս երկու օրերի ընթացքում փոխըմբռնման ջերմ մթնոլորտում Նախագահ Օլանդի հետ կառուցողական քննարկումներ ունեցանք, ինչը հատուկ է մեր յուրաքանչյուր հանդիպմանը՝ լինի դա Երևանում, Փարիզում, թե երրորդ երկրում: Հանգամանորեն անդրադարձանք հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարխսված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Դինամիկ քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերություն, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգ, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրեր, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտ, որն այս այցի ընթացքում համալրվում է ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմանը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը: Վերահաստատեցինք առկա ձեռքբերումները նորերով լրացնելու մեր երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Օլանդի հետ երեկ մասնակցելով գործարար համաժողովի բացմանը` շեշտադրեցինք մեր համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Մեզ համար պատիվ է, որ այս ցանկը համալրվում է ֆրանսիական մեկ այլ աշխարհահռչակ ընկերության՝ «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի մուտքով հայաստանյան շուկա:

Անդրադարձանք մեր ժողովուրդների մշակութային կապերին, որոնք առանցքային են հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նշեցի, որ հայերը սիրում են Ֆրանսիան, ֆրանսիական մշակույթն ու լեզուն: Ուստի պատահական չէ, որ Հայաստանում առկա է ֆրանսերեն լեզվով կրթական ողջ ցիկլը՝ դպրոցից մինչև համալսարան, և գիտակցված ու չափազանց արդյունավետ է մեր ներգրավումը Ֆրանկոֆոնիայի միջազգային շարժման մեջ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում:

Մտքեր փոխանակեցինք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի, այդ թվում` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ։

Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Հայտնեցի Հայաստանի վճռականությունը` զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով՝ հենց այն հենքի վրա, որը համատեղ աշխատանքի շնորհիվ կառուցել ենք վերջին տարիներին: Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում։

Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու ու դատապարտելու, այլ նաև ժխտողական քաղաքականության դեմ իրավական մեխանիզմներով պայքարելու հանձնառության համար: Այս հարցն առավել քան արդիական է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ժխտողականությունը համաեվրոպական դաշտ տեղափոխելու և դա խոսքի ազատության լոզունգներով խեղելու Թուրքիայի ջանադիր փորձերի համատեքստում: Մենք պետք է զգոն և աչալուրջ լինենք, քանի որ անպատժելիությունն ամենաթողություն է ծնում, մանավանդ որ ժամանակակից աշխարհը նույնպես զերծ չէ մարդկության դեմ կատարվող ամենադաժան հանցագործություններից:

Հարգարժա՛ն պարոն Նախագահ,

Ես մտադիր էի այս այցի ընթացքում Ձեզ հրավիրել Հայաստան՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումներին: Կարող եք պատկերացնել, թե որքան բարձր է գնահատվել, երբ Դուք ինքներդ այդ մասին հայտարարեցիք Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված Ձեր ելույթում: Մենք Ձեր այդ քայլն ընդունում ենք՝ որպես ամենախոսուն վկայություն հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Ձեր լիակատար նվիրվածության ու բարեկամության: Շնորհակալ եմ մեկ անգամ ևս, պարո՛ն Նախագահ, Ձեր այդ արարքի համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Համոզված եմ, որ Նախագահ Օլանդի այցը մեծ ներուժ կհաղորդի հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությանն ու բազմակողմ համագործակցությանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45