Պաշտոնական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 61684.14+3.14 TOPIX - 3853.81+1.64
STOCKS CHINA:  HANG SENG - 25386.52-1.03 SSEC - 4077.28-2.04
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
21/05/2026  CBA:  USD - 367.86-0.01 GBP - 493.85+1.05
21/05/2026  CBA:  EURO - 426.98+0.29
21/05/2026  CBA:  GOLD - 53019-165 SILVER - 894.71-4.64
Կարեն Կարապետյան. Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել
04/03/2017 18:28
Կիսվել

Կարեն Կարապետյան. Եկեք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ քննարկել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նախ և առաջ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Դիվանագետի օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: «Չափազանց կարևորում ենք ձեր աշխատանքը, որովհետև արտաքին աշխարհը շատ դեպքերում մեր երկիրը ճանաչում է ձեր միջոցով: Մեծ է ձեր դերակատարությունն արտերկրում Հայաստանի՝ որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու, մեր ընկերությունների շահերն առաջ մղելու, ՀՀ ներդրումային հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու գործում», – ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու, մասնավորապես, տնտեսական բաղադրիչի ներառումը: Անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է: «Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», – ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք: Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները: «Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», – հորդորել է կառավարության ղեկավարը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները՝ վարչապետն ասել է, որ լուծվել են հետևյալ մակրոխնդիրները. բոլոր ոլորտներով կատարվել է ախտորոշում, ֆիքսվել են առկա խնդիրները, մշակվել են յուրաքանչյուր ոլորտի զարգացման տեսլականը և միջոցառումները: «2017 թ. մենք ձևակերպել ենք 4 գործառույթ՝ ախտորոշում, ստաբիլիզացիա, պետական կառավարման ինստիտուտի բարեփոխումներ և սանիտարիզացիա: Իրականում մենք այստեղ շատ մեծ ծավալի աշխատանք ունենք: Մենք պետական կառավարման արդյունավետության մեծ խնդիր, որոշումների կայացման նոր փիլիսոփայություն ձևավորելու անհրաժեշտություն ունենք, խնդիր ունենք վերանայելու՝ ինչպես ենք մեր գոյություն ունեցող ֆինանսական միջոցները ծախսում, ինչպես ենք վարկեր ու ներդրումներ ներգրավում», – նշել է կառավարության ղեկավարը:

Գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների օրինակով վարչապետը ներկայացրել է կառավարության՝ այդ բնագավառների զարգացման տեսլականը և բարեփոխումների տրամաբանությունը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ռեալ կարող է լինել տնտեսության դրայվերներից մեկը: Բայց մենք ունենք մի պարզ խնդիր. յուրաքանչյուր տարի տալիս ենք 400-500 մասնագետ, այսօր 2000 մասնագետի պահանջարկ կա, բայց բուհական համակարգը շուկայի պահանջարկին չի արձագանքում: Պետք է համակարգը փոխենք, որովհետև, ըստ մեր կանխատեսումների, շատ մոտ ժամանակներս 5000 աշխատատեղ ենք ունենալու, որը ՀՆԱ-ի մեջ տարեկան ամենամեծ աճն է տալու», – նշել է Կարեն Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ այսօրվա կառավարիչները հստակ պատկերացնում են, թե ուր են տանելու երկիրը, և 10 տարի հետո մենք ունենալու ենք որակապես այլ երկիր:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը՝ որպես պետություն-մասնավոր համագործակցության մի հարթակ, որտեղ ձևավորվելու է Հայաստանի զարգացման երկարաժամկետ տեսլականը. «Առաջին փուլի համար առանձնացրել ենք 5-6 ծրագիր՝ զբոսաշրջություն, հարկային և մաքսային վարչարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, կրթություն և պետական կառավարման համակարգի ռազմավարությունների մշակում: Ցանկանում ենք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բոլոր գաղափարները, բոլոր ցանկացողները, բոլոր անհանգիստ մարդիկ, ովքեր ունեն տեսլական կամ պատկերացնում են, թե ինչպես երկիրը պետք է զարգացնել, այդ հարթակում գեներացնեն իրենց գաղափարները»:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել նաև կառավարության ներդրումային քաղաքականության և նախատեսվող ծավալների վերաբերյալ. «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա և այլն: Մենք տվել ենք շատ հստակ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որտեղ նշված է և´ ներդրումային օբյեկտը, և´ ֆինանսական աղբյուրը, և այն, թե ով է իրականացնելու: 2017 թ. համար այդ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարից իրատեսական ենք համարում 830-850 միլիոն ԱՄՆ դոլարը: Շատ բաց ենք տվել, որպեսզի կասկածողները համոզվեն կամ քննադատեն: Աղբյուրները 5-ն են՝ մասնավոր հատված, պետբյուջե, համայնք, դրամաշնորհ, վարկ: Բացի դրանից, այսօր մեր սեղանին են 5,3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ծրագրեր, որոնք օրեցօր ավելանում են և կարող են լինել ավելի պրակտիկ: Մենք դեռևս չունենք դրանց ֆինանսական աղբյուրը, շատ դեպքերում՝ նաև իրագործողին, բայց ունենք այն ծրագրերը, որոնք կարող են լինել տրամաբանական»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, սփյուռքահայության ներուժի օգտագործմանը և այդ գործում ՀՀ դիվանագիտական կառույցների ներգրավվածության ավելացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանները գոհունակություն են հայտնել վերջին շրջանում ՀՀ շահագրգիռ գերատեսչություններից ստացվող ներդրումային փաթեթներից՝ նշելով, որ դրանք հասցեական են, կիրառական և օգտակար: Դեսպաններն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված ցուցանիշներին, ապրանքաշրջանառության ծավալին և զարգացման հնարավորություններին:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում դրական տեղաշարժ կա, կան կոնկրետ ծրագրեր, Հայաստանից Իրան արտահանման հաջող օրինակներ: Ստացված ներդրումային ծրագրերը քննարկման փուլում են: «Սյունիքի մարզում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալը մեզ չի բավարարում: Պարզ է, որ Սյունիքի մարզը պետք է կողմնորոշվեր դեպի իրանական շուկա բոլոր ուղղություններով», – արձագանքել է վարչապետը:

Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը ողջունել է դիվանագիտության մեջ տնտեսական բաղադրիչի ներառումը և խոստումնալից որակել ՀՀ կառավարությունից ստացված ներդրումային փաթեթները: Նա տեղեկացրել է, որ այժմ 3 խոշոր ընկերության հետ քննարկվում են մեր երկրում համատեղ ներդրումային  ծրագրերի հնարավորությունները:

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ խոսել է հայ-հոլանդական տնտեսական հարաբերությունների ընթացքի մասին, անդրադարձել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարներին:

Հանդիպմանն արծարծվել են արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների գործունեությանը, տնտեսական ատաշեների ինստիտուտի ձևավորմանը, զբոսաշրջության խթանմանը, տարբեր ոլորտներում ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը, համապատասխան հարթակների ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

21/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.86
-0.01
Եվրո (EUR)
426.98
+0.29
Ռուբլի (RUR)
5.1746
+0.0288
Լարի (GEL)
137.65
+0.08
53019
-165
Արծաթ
894.71
-4.64