
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը հիմք է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Նախագծում ներկայացված են սահմանված միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ու դրանց գնահատման ցուցիչները։
Նիստում քննարկվել են կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման ինստիտուցիոնալ նոր համակարգի մեթոդները, ինչպես նաեւ հանձնաժողովի նոր ձեւաչափը։
Ընդգծվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ եւ համակարգված իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության եւ հանրային քարոզչության միջոցով շարունակելու է ձեւավորել կոռուպցիայի դեմ պայքարի հանրային աջակցություն, ինչպես նաեւ ապահովել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության պարբերական վերանայումը եւ ճշգրտումը այլ ոլորտներում եւ բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության գերակայությունների հետ։
ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին` հանրապետական գործադիր մարմինների, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 15-օրյա ժամկետում քննարկել, լրամշակել նախագիծը եւ ներկայացնել առաջարկություններ։