Պաշտոնական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանից պահանջել է չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները
15/06/2018 17:30
Կիսվել

Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանից պահանջել է չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ, ինչպես նաև 3341 հոդվածների դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան, նպաստելով արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:

Հաջորդ որոշմամբ կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է տրամադրված լիցենզիաների, ինչպես նաև դրանց կասեցման (դադարեցման) հետ կապված համակարգային իրավակարգավորումների փոփոխմանը՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքների նախագծերի և դրանց ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ կան: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշել է նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատել է, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով: «Արձանագրենք, որ այսպիսի խնդիր կա, և դրա լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: Կարծում եմ՝ պետք է փորձենք այդ սովորական դարձած տրամաբանությունից դուրս գալ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախագծեր են առաջարկում ու մեր առաջին արձագանքը լինում է մերժողական: Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի զրոյական կետից սկսել իրենց հետագա աշխատանքի շարունակությունը»,- առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:

Նիստում հավանության է արժանացել նաև «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Ըստ օրենքի նախագծի հեղինակ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից: ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ և միևնույն ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը՝ ընդգծելով, որ կան 3 տեսակի՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ տեղադրվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով ատոմեքենաները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կարգավորումները վերաբերում են այսպես կոչված խախտումներ արձանագրող շրջիկ մեքենաներում տեղադրված տեսախցիկներին, սակայն այդ ավտոմեքենաները կահավորված են լինելու տարբերանշաններով:

Վարչապետը նկատել է, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս: «Մի կողմից ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք, թե ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը: Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրել է, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն շուտով կներկայացվեն տուգանքների չափերը նվազեցնելու առաջարկություններ: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասել է Օսիպյանը:

Հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները՝ նախագծերի ընդունման ժամկետների հետ կապված, ներկայացված նախագծին տրվել է հավանություն, սակայն վարչապետը հանձնարարել է շարժական արագաչափերի գործունեություն չիրականացնել և խնդրին հետագայում անդրադառնալ ու տալ փաթեթային լուծում:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից անփոփոխ՝ 115 մլն դրամ թողնելու Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019 թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 մլն դրամից դարձնել 58.35 մլն դրամ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը կբերի բյուջեի եկամուտների նվազեցման: Նախագծի ընդունման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կարող են նվազել մոտ 11 մլրդ դրամով: «Առաջարկվում է այս նախագիծը որոշակի տրամաբանությամբ և հիմնավորմամբ, սակայն մեր վերաբերմունքը հետևյալն է, որ այն իր մեջ որոշակի առումով հակադրություններ է պարունակում կառավարության ծրագրային դրույթներից մեկի հետ, դա ստվերի դեմ պայքարն է: Նախագծի ընդունումը կարող է հակադրվել ստվերային շրջանառությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությանը։ Նախագծի ընդունումը կարող է ստեղծել գործունեության անհավասար պայմաններ և միջազգային փորձով չհիմնավորված տնտեսական իրավիճակ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տնտեսվարող սուբյետները շարունակում են ակնհայտորեն թերհայտարարագրել իրենց իրացման շրջանառությունները՝ անգամ շրջանառության հարկի շեմին մոտենալու և շեմը գերազանցելու որևէ ռիսկ չունենալու պարագայում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս փոփոխությունից և հունվարի մեկից շրջանառության հարկը սահմանել 58.35 մլն դրամ»,- ասել է Ֆինանսների նախարարը:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66