ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ
ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 2-ին, ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է Էդուարդո Էռնեկյանի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Հանրապետության ղեկավարը եւ գործարարը համաձայնել են, որ չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած որոշակի դժվարություններին, այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել: Ըստ Էդուարդո Էռնեկյանի, իր նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության եւ ոռոգման նոր եղանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է այդ տեխնոլոգիաների ուսումնասիրումը եւ դրանց տարածումն այլ գյուղտնտեսություններում:
Համառոտակի անդրադարձ է եղել նաեւ բանկային ոլորտում, «Հայփոստ» ընկերությունում իրականավցող ձեռնարկներին: Արգենտինահայ գործարարն ասել է, որ նորարարությունը, թարմ գաղափարները խրախուսելու եւ նոր մտածելակերպով հայ երիտասարդներին բացահայտելու, նրանց առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով իր ֆինանսավորմամբ գործող «Ֆրութֆուլ Արմենիա» ծրագիրը հայտարարել է գյուղատնտեսության եւ գյուղարտադրության, ֆինանսների եւ ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ գրավոր աշխատանքների մրցույթ: