Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Ի՞նչ տվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանին
15/10/2018 10:20
Կիսվել

Ի՞նչ տվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանին

Հայաստանում կայացավ երկրի անկախացումից ի վեր ամենամասշտաբային միջազգային իրադարձությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Նման միջոցառման կազմակերպումն, անշուշտ, պահանջել է թե՛ դիվանագիտական, թե՛ կազմակերպչական հսկայական ջանքեր: Այժմ, երբ գագաթնաժողովը բարեհաջող կերպով ավարտվել է, ցանկալի է հետադարձ հայացք գցել և գնահատել՝ ի՞նչ տվեց այն Հայաստանին:

Արդյունքներն ամփոփելիս նախևառաջ անհրաժեշտ է արձանագրել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագթնաժողովի նախագահությունը (ՖՄԿ) մի երկրից մյուսին չի փոխանցվում ռոտացիոն կարգով, ինչպես ընդունված է մի շարք այլ կառույցներում (օրինակ՝ ՇՀԿ, ԵՄ, ԵԱՏՄ): Կառույցի նախագահության ստանձնումը հայկական կողմի նախաձեռնողականության և ակտիվ աշխատանքի արդյունք է, ինչը պետք է գնահատել ըստ արժանվույն:

Միջազգային կապերի ամրապնդում

Բավական բարձր մակարդակի կազմակերպված նման լայնամասշտաբ միջոցառման հյուրընկալումն, անշուշտ, դրական է ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա:  Հայաստան էր ժամանել 84 երկրի պատվիրակություն, ընդ որում՝ նրանցից 38-ը ներկայացված էր երկրի ղեկավարի մակարդակով: Նման ներկայացուցչական մասնակցությունը մի կողմից վկայում է նախապատրաստական աշխատանքների բարձր արդյունավետության, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության մասին: Ամիսներ առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում, գաղտնիք չէ, որ միջազգային հանրության շրջանում Հայաստանի նկատմամբ ձևավորվել է բավական դրական ընկալում, ինչն արտահայտվում էր նաև Երևանում տեղի ունեցած երկկողմ բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էր ժամանել ավելի քան 3500 հյուր, իսկ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի լուսաբանման, «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսին մասնակցելու համար՝ շուրջ 600 լրագրող: Նման մեծաքանակ հյուրերի և լրագրողների ներկայությունը բավական լավ հնարավորություն էր աշխարհի շուրջ 274 մլն ֆրանսախոսների շրջանում Հայաստանի և հայկականի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:

Գագաթնաժողովը բավական լավ հնարավորություն էր նաև ՀՀ արտաքին կապերի զարգացման և ամրապնդման համար: 2003թ.-ին որպես դիտորդ, 2008թ.-ին որպես ասոցացված անդամ, իսկ արդեն 2012թ.-ից՝ որպես ՖՄԿ լիիրավ անդամ, Հայաստանը բավական ակտիվ օգտագործել է կառույցի ընձեռած հնարավորությունները՝ մի շարք երկրների հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ (Կոնգո, Նիգեր և այլն), իսկ որոշների հետ՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ փոխգործակցությունը: Չնայած տարածական հեռավորությանը՝ աֆրիկյան, ասիական երկրների հետ նման կապերի առկայությունը Հայաստանի համար բավական կարևոր է՝ մի կողմից փոխգործակցության ներուժի բացահայտման և իրացման, մյուս կողմից՝ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության տեսանկյունից: Երևանյան գագաթնաժողովը ևս այս առումով բավական լավ հարթակ ծառայեց ՖՄԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հանդիպումների կազմակերպման, երկկողմ հարաբերությունների քննարկման, օրակարգի հստակեցման և, ինչու ոչ, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

Գագաթնաժողովը թերևս էլ ավելի կարևորվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցով: Հատկանշական է, որ Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ էր այցելում Հայաստան: Թեև այցը կրում էր աշխատանքային բնույթ, այն բավական հագեցած էր և առավել ամրապնդեց վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական երկխոսությունը:

Բավական ջերմ մթնոլորտում անցավ նաև Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը, որը Կանադայի վարչապետի առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին, ինչպես նաև ձեռք են բերել առանձին պայմանավորվածություններ, օրինակ՝ Հայաստանի և Կանադայի միջև օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, զբոսաշրջիկների ընտանքիների և գործարարների շփումները դյուրացնելու մեխանիզմների վերաբերյալ:

Երևանյան հռչակագիր

ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց նաև Երևանյան հռչակագիրը, որի նախապատրաստական աշխատանքներում բավական մեծ ջանքեր են գործադրվել: Այս առումով կարևոր էր, թե ինչ ձևակերպումներ տեղ կգտնեն այդ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նախկինում՝ 2010, 2012, 2014 և 2016 թվականներին տեղի ունեցած գագաթնաժողովների ժամանակ ընդունված բանաձևերում եղել է անդրադարձ (հիմնականում միանման) Ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ ՖՄԿ անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել «բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա», ինչպես նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Ինչ վերաբերում է Երևանյան հռչակագրին, ապա այն նույնպես ֆրանկոֆոն տարածքների հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության առնչվող դրույթներ է պարունակում: Այս առումով կարելի է առանձնացնել 18-րդ և 19-րդ կետերը: 18-րդ կետում, մասնավորապես, ասվում է, որ երկրները պարտավորվում են. «Քննադատել միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտում, ինչպես նաև հումանիտար հարցերի ինստրումենտալիզացիան և քաղաքականացումը, կոչ անել պաշտպանել հակամարտության գոտիների քաղաքացիական բնակչությանը և երաշխավորել նրանց հիմնարար իրավունքները և ազատություններն, ինչպես նաև ապահովել արագ և անխոչընդոտ հումանիտար մուտք»:

Հռչակագրի 19-րդ կետում նշված է. «ՄԱԿ նպատակներին և սկզբունքներին համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածությանն առնչվող ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում խթանելու երկխոսությունը, և միջնորդությունը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում ենք  հակամարտությունների կանխարգելման  կարգավորման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»:

Եթե 19-րդ կետը աջակցություն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա, 18-րդ հոդվածում անդրադարձ կա հակամարտության գոտիներում քաղաքացիական բնակչության դեմ ագրեսիայի, հիմնարար իրավունքների ոտնահարման, հումանիտար խնդիրների քաղաքականացմանը. ցավալի երևույթներ, որոնք ադրբեջանական կողմի քաղաքականության մաս են:

ՖՄԿ ընդլայնում

ՖՀԿ Երևանյան գագաթնաժողովը կարևոր էր նաև հենց կառույցի ընդլայնման և զարգացման տեսանյունից: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրություններ և այդ պաշտոնում ընտրվեց Ռուանդան ներկայացնող Լուիզ Մուշիկիվաբոն: Միևնույն ժամանակ, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն և Սերբիան ստացան Ֆրանկոֆոնիայի ասոցացված անդամի, իսկ Գամբիան, Իռլանդիան, Լուիզիանան (ԱՄՆ) և Մալթան՝ դիտորդի կարգավիճակ: Ըստ էության, սա ՖՄԿ նկատմամբ հետաքրքրության, կառույցի զարգացման և ընդլայնման ևս մեկ կարևոր ցուցիչ է:

Ամփոփելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանյան գագաթնաժողվի արդյունքները՝ կարելի է նշել, որ այն հաջողված և բավական լավ փորձ էր Հայաստանի համար՝ ինչպես նման մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման, այնպես էլ՝ այն միջազգային կապերի զարգացման և ամրապնդման համար ծառայեցնելու տեսանկյունից:

Նարեկ Մինասյան

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67