ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԳԵՈՐԳԻ ԲՈՍԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին։
ՀՀ կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարեւոր տեղ են գրավում նաեւ տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ։
Նահանգապետ Գեորգի Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները, նշել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն եւ հոգեւոր առումով մոտ են Ռուսաստանին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական եւ արդյունաբերական ապրանքների, առեւտրի, ոսկերչության, նաեւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Խոսելով տնտեսական կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, զրուցակիցները կարեւորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երեւանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը եւ Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը։ Երկուստեք ցանկություն է հայտնվել, որպեսզի գործարարների միջեւ նման հանդիպում կազմակերպվի նաեւ Կալինինգրադի մարզում։