ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։
Ողջունելով պատվիրակության անդամներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարևորել դրա շարունակականության ապահովումը։
Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձևավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարևորությունը։ Առաջնային է համարվել նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև համագործակցության մակարդակը։