ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Երեկ` դեկտեմբերի 14-ին, կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Մինչ օրակարգին անդրադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ նիստից հետո կառավարությունը բավական աշխատանքներ է կատարել, որպեսզի «Հազարամյակի մարտահրավերե ծրագրով նախատեսված գումարներն ամբողջությամբ իրացվեն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմն իր հերթին օժանդակում է այդ աշխատանքներին` կառավարության ուշադրությունը հրավիրելով այն ռիսկերի բացահայտմանը, որոնք առկա են ծրագրում։ Ամերիկյան գործընկերները գործադիր մարմնի ուշադրությունը հրավիրել են նաև այն գործողությունների վրա, որոնք ուղղված կլինեն այդ ռիսկերի նվազեցմանը, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանա։ Նա նշել է, որ մինչ այժմ խորհրդակցություններ են եղել ՀՀ վարչապետի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի մոտ, որից հետո շաբաթական մոնիտորինգ է սահմանվել, որպեսզի բոլոր ծրագրերն ամբողջ ծավալով ժամանակին կատարվեն։ «Եթե կլինի որևիցե ծրագրի կատարման հետ կապված ռիսկայնության աստիճանի բարձրացում, ապա անհապաղ խորհրդակցություն կհրավիրվի վարչապետի մոտ, որպեսզի մենք անհետաձգելի ռեժիմով աշխատենք և միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացնենք։ Այս պահի դրությամբ այդ ջանքերը շոշափելի արդյունքներ են տալիս։ Մասնավորապես, բոլոր այն ռիսկերը, որ մատնանշվել էին մեր ամերիկյան գործընկերների կողմից, գտնվում են մեր հսկողության տակ, և աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ամբողջ ծավալով շինարարական կազմակերպություններն իրականացնեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 18-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հունվար-մարտ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 21,488,218 (քսանմեկ միլիոն չորս հարյուր ութսունութ հազար երկու հարյուր տասնութ) ԱՄՆ դոլար, որից 20,788,834 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։ Գումարի մնացած մասը մոնիթորինգի և գնահատման, ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են։
Օրակարգում ընդգրկված հաջորդ վեց կետերի շրջանակներում ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը Կառավարման խորհրդի անդամներին է ներկայացրել ծրագրի բոլոր բաղադրիչների մասով. 17 պոմպակայանների, 5 ինքնահոս համակարգերի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի, երրորդ կարգի ջրանցքների վեց մայր ջրանցքների կառուցում, վերանորոգման, ինչպես նաև Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակում իրականացվող ուսուցման, վարկավորման և ոռոգման ոլորտի կազմակերպությունների ինստիտուցիոնալ հզորացման պայմանագրերի իրականացման ընթացքը, արդյունքներն ու առկա խնդիրները։
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՄՀ-Հայաստան ծրագրի 2010-2011թթ. Հանրային միջոցառումների և հասարակության իրազեկման պլանին։ Հարցի առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փորձագետներ ներգրավել և ընդլայնել հանրային իրազեկման միջոցառումների շրջանակը։