ՀՀ ՊԵԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ – ԳՐՔՈՒՅԿ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն` «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» կազմակերպության հետ համատեղ ներկայացնում է «Հայաստան. հարկային տեղեկագիր-գրքույկ» (Armenia Pocket Tax Book) հրապարակումը, որը բավականին մեծ է հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում գործող բանկերի, միջազգային և խոշոր կազմակերպությունների և բոլոր հարկ վճարողների շրջանում։ Պաշտոնական շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են մեր երկրում հարկ վճարողների սպասարկման հիմնական ուղղությունները։
«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերության տնօրեն Ալտաֆ Տապիայի դիտարկմամբ, այս հրապարակումը հայաստանյան հարկերի վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն կտրամադրի միջազգային ներդրողներին և օտարերկրացիներին։ Շնորհանդեսի նպատակն է` իրազեկել հանրությանը Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների սպասարկման ոլորտի նորություններին և առաջիկա ծրագրերին:
Շնորհանդեսի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել է վերջին ժամանակահատվածում հարկ վճարողների սպասարկման բնագավառում տեղի ունեցած այնպիսի բարեփոխումներն, ինչպիսիք են` հարկային և մաքսային ծառայությունների taxservice.am և customs.am ինտերնետային կայքերի նոր բովանդակությունը, այդ թվում` հարկային օրենսդրությունը և օրենսդրական նախագծերը, հաշվետվական ձևերը և լրացման կարգերը, ՊԵԿ գործունեության հաշվետվություները և վիճակագրությունը, հրատարակումների էլեկտրոնային տարբերակները և հետադարձ կապը հարկային մարմնի հետ: Արմեն Ալավերդյանը խոսել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգի կիրառման ընդլայնման մասին, որի արդյունքում 2800 հարկ վճարող արդեն իսկ անցել են էլեկտրոնային համակարգի: Բիզնեսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները սպառիչ տեղեկատվություն են ստացել և հարկային, և մաքսային համակարգերում գործող «թեժ գծերի», հարկ վճարողների անհատական իրազեկման նոր մեխանիզմի և օժանդակելու նպատակով հարկ վճարողներին այցելության ծառայության ներդրման վերաբերյալ: Գործարար աշխարհի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հիշեցվել է, որ գործարկվում է նաև «Հաճախ հանդիպող հարցեր» էլեկտրոնային շտեմարան, որն արդեն իսկ պարունակում է հարկ վճարողների կողմից առավել հաճախակի հնչեցրած 200 հարցեր և դրանց պատասխաններ: Անդրադարձ է կատարվել նաև հարկ վճարողների հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցման և անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման ծառայություններին, ՊԵԿ-ի տպագիր հրատարակումներին, այդ թվում` «Հարկատու» և «Մաքսատուն» պարբերականներին, հարկային օրենսդրության և ենթաօրենսդրական ժողովածուներին, հարկ վճարողների տարբեր խմբերին հասցեագրված ձեռնարկներին, ուղեցույցներին և բրոշյուրներին և այլն: