ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով եւ հանգամանալից քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Վերահաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, Նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում` հրադադարի ռեժիմի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման համար: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադարձ, ինչպես նաեւ` առաջնորդվել այս մոտեցումներով հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բնույթից»: