ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։
Մասնավորապես, խորհրդի անդամները հաստատել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության եւ Երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության բաժնի պետերի ընտրության մրցույթի արդյունքները, որից հետո խորհուրդը հաստատել է ամենաբարձր միավորները հավաքած թեկնածուների նշանակումները։
Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) ավարտի նպատակով տարաբնակեցման տեղական խորհրդատուների ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքը։ Այն կոչված է ապահովելու նախկինում կատարված աշխատանքների եւ Ծրագրի իրականացման կազմակերպության Հողի օտարման եւ տարաբնակեցման խմբի կողմից հետագա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների շարունակականությունը։