Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ
12/02/2010 15:33
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված համաժողովին։ Թեման հայ-թուրքական հարաբերություններն էին եւ միջսահմանային ռեգիոնալիզմը։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում ԱՄՆ առեւտրային պալատը (AmCham) եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV)։

Համաժողովը բացել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Նա մասնավորապես նշել է. «ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մեծ ջատագով է, եւ մենք լիահույս ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»։ Դեսպանի խոսքով, սահմանի բացման հետեւանքների վերաբերյալ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ թեեւ դա կարող է բերել որոշակի կարճաժամկետ դժվարությունների, սակայն խոշոր հաշվով բաց սահմանները դրականորեն կազդեն երկու երկրների տնտեսությունների զարգացման վրա։ Դեսպանը նշել է նաեւ, որ սահմանի բացումը կնպաստի Հայաստանի բարօրությանը։ «Ոչ մի երկիր չպետք է կախված լինի միայն մեկ միջացքից։ Սահմանի բացումով կվերանա մեկուսացումը, տնտեսական ու տրանսպորտային ծախսերը կնվազեն, կաճի մրցակցությունը, հայաստանյան ապրանքների որակը կբարձրանա, եւ Հայաստանի առջեւ կբացի 70 միլիոնանոց շուկա։ Սահմանի բացումը կարեւոր է նաեւ Հայաստանի` Եվրամիությունն ինտեգրման տեսանկյունից»։

Այուհետեւ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Բոլորին ողջունում եմ կառավարության անունից եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս հետաքրքիր թեմայով զրույցը ծավալելու հնարավորության համար։ Տիկին դեսպանի ելույթը ստիպեց ինձ վերանայել իմ այսօրվա ելույթը, որովհետեւ ստիպված էի լինելու կրկնել այն թեզերը, որ առաջ քաշեց նա։ Դրա համար կփորձեմ չկրկնվել եւ հրավիրել ձեր ուշադրությունը որոշ թեզերի վրա, որոնք կարեւորվում են քաղաքական իշխանության կողմից։ Եվ առավել եւս ուզում եմ ձեր ուշադրությունն հրավիրել հանրապետության նախագահի լոնդոնյան այցի ժամանակ հնչեցրած կարեւորագույն քաղաքական թեզերի վրա, որոնք եւս մեկ անգամ ամրագրում են Հայաստանի իշխանությունների կամքը` գնալ առաջ հայ-թուրքական հարաբերություններում եւ կարգավորել այդ հարաբերությունները։ Հանրապետության նախագահի ելույթը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ սա խորը գիտակցված մոտեցում է եւ որ Հայաստանի իշխանությունները` ի դեմս ՀՀ նախագահի, դրսեւորում են քաղաքական կամք` հաղթահարելու այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ բացել նոր հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ։ Այդ հարաբերություններն իմ կարծիքով ճիշտ կլինի դիտարկել երեք հարթությունների մեջ։ Առաջին հարթությունն այն է, թե ինչ անելիքներ ունեն իշխանությունները, որն է նրանց պատասխանատվության մասը, երկրորդը` ինչպե ս են ընկալում մեր հասարակությունները ստեղծված իրավիճակը, ինչպես են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան եւ երրորդը` միջազգային հարթությունն է, թե ինչպես է միջազգային հանրությունը արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ տարածաշրջանում ինչպիսի միջավայր եւ մթնոլորտ կձեւավորվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից ելնելով։ Եվ այսպես` առաջին հարթությունը. քաղաքական իշխանությունների պատասխանատվության խնդիրը։ Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել չափազանց կարեւոր մի ուղերձի վրա, որն արել է մեր նախագահը` մեկնելով Լոնդոն եւ անցնելով Թուրքիայի օդային տարածքով։ Մեջբերում եմ նախագահի ուղերձը Թուրքիայի նախագահին. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի։ Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղ շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնական հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»։ Կարծում եմ, որ այս ուղերձը եւս մեկ անգամ հաստատում է հանրապետության նախագահի վճռականությունը այս հարցի շուրջ եւ նաեւ շատ ուրախ եմ, որ այս պարագայում մեր քաղաքական դիրքորոշումը պաշտպանում է ե՛ւ Միացյալ Նահանգների վարչակազմը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոմիությունը։ Բոլորն էլ սատարում են մեզ գնալ այս ուղղությամբ։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սա խորը գիտակցված քայլ է։ Կարծում եմ կհամաձայնեք, որ սրանով, հանրապետության նախագահը բացեց նոր էջ հայ-թուրքական հարաբերություններում եւ այսուհետ մենք գործ ունենք նոր իրողության հետ։ Դուր է գալիս դա մեր ընդդիմախոսներին, թե` ոչ, մենք բոլորս ստիպված ենք այլեւս հաշվի նստել այս իրողության հետ, որ բացվել է նոր էջ քաղաքական բարձր մակարդակով հարաբերություններ հաստատելու համար եւ հանրապետության նախագահի ուղերձը, կարծում եմ, բոլոր կասկածները ի դերեւ է հանում այն առումով, որ սա որեւիցե դիվանագիտական խաղ չէ, այլ մեր անկեղծ ձգտումն է` հաստատել հարեւան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ։
Քաղաքական հատվածի երկրորդ կարեւոր թեզը, որ հնչեցրեց հանրապետության նախագահը եւս մեկ անգամ հաստատում է մեր դիրքորոշումը` այն է, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրների հետ հարաբերություններով եւ որ երկկողմ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը տվեց իր դրական եզրակացությունն առ այն, որ ստորագրված արձանագրությունները չեն հակասում մեր Սահմանադրությանը։ Հանրապետության նախագահն արեց կարեւոր մի քաղաքական հայտարարություն, որ ստորագրված արձանագրություններն իր կողմից ուղարկվում են Ազգային Ժողով` դրանով իսկ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ մենք պատրաստ ենք այդ արձանագրությունների վավերացմանը։ Ավելին, հանրապետության նախագահը հավաստիացրեց, որ ունենալով Ազգային Ժողովում մեծամասնություն` մենք վստահ ենք, որ եթե Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացվեն, որեւիցե ռիսկայնություն եւ խոչընդոտ չի լինի Հայաստանում, որպեսզի Ազգային Ժողովը նույնպես վավերացնի այս արձանագրությունները։ Կա երրորդ կարեւորագույն թեզը հանրապետության նախագահի ելույթում, այն է, որ արձանագրությունների վավերացումը, սահմանի բացումը Թուրքիայի հետ կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հարգելի գործընկերներ, քաղաքական հարթության մեջ կարծես թե բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանի կողմից իրականացվել են, եւ կարծում եմ, որ կհամաձայնեք, որ պահն է, որպեսզի մեր երկրների նախագահները դրսեւորեն քաղաքական կամք եւ գնան առաջ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ Միեւնույն ժամանակ պետք է համաձայնենք այն թեզի հետ, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետեւ դա ազդակ է ե’ւ հանրությանը` մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաեւ միջազգային հանրությանը, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան։

Այժմ անդրադառնանք երկրորդ հարթությանը, այն է` ինչպես է մեր հասարակությունն ընկալում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարությունը։ Գաղտնիք չէ, որ մենք հանդիպեցինք նաեւ հակադրության, այդ թվում նաեւ սփյուռքահայության շրջանում տեսանք, որ կան ուժեր, որոնց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին ընկալումները համահունչ չեն մեր ընկալումների հետ։ Մենք դա համարում ենք շատ բնական, որովհետեւ պատմությունից ստացել ենք այնպիսի ժառանգություն, այնպիսի վերքեր, այնպիսի ցավ, որը մեկ ակնթարթում հաղթահարել հնարավոր չէ։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ այդ տեսկետն արհեստական չէ, այլ օբյեկտիվ է։ Մեծ մտավախություն, վախ կա, որ իրականում սա ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ռազմավարություն է, այլ խաբկանք, վտանգավոր խաբկանք, որը եւս մեկ անգամ հիասթափություն է բերելու մեր ժողովուրդներին եւ որը ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հեռու է իրականությունից, որը հեռու է մեր պատկերացումներից։ Հիմնական թեզն այն է, որ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, որպեսզի մենք կորցնենք մեր զգոնությունը, եւ դրա վտանգն այն է, որ մենք պատրաստ չենք լինի նոր մարտահրավերների, նամանավանդ, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ այն մթնոլորտը, որ ձեւավորվում է հարեւան Ադրբեջանում, այն ատելությունը, որ քարոզվում է Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ, եւ այն մեծածավալ ֆինանսական ծախսերը, որ այսօր կատարում է Ադրբեջանը այդ ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ։ Բնականաբար, այս հասարակական մտահոգությունն անհիմն չէ։ Սա նշանակում է, որ մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Մեզ համար չափազանց կարեւոր է, թե Թուրքիայի քաղաքական իշխանություններն ինչ ռազմավարություն են ընտրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, որովհետեւ սա հանրությանը լուրջ ազդակ է տալիս։ Նաեւ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք չենք կարող շատ երկար սպասել։ Պետք է լինի խելամիտ ժամանակահատված` ստանալու մեր քաղաքական գործընկերներից պատասխանն առ այն, թե ինչպես են նրանք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ արդյոք նրանք դրսեւորելու են քաղաքական կամք` վավերացնելու այս արձանագրությունները նաեւ Թուրքիայի պառլամենտում։ Այսինքն` հանրապետության նախագահի այն թեզը, որ իշխանություններից այսօր շատ բան է կախված, տեղին է, որովհետեւ իշխանությունների պահվածքը ձեւավորելու է հասարակական կարծիք։ Մենք պատմական հնարավորություն ունենք` առաջնորդելու մեր հասարակությունները, քանի որ մենք վստահ ենք, որ դա միակ ճիշտ ուղին է։ Հասարակական տրամադրությունների ներքո, բնականաբար, ձեւավորվում են նաեւ բիզնես էլիտայի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ։ Չափազանց կարեւոր է, թե տնտեսվարող սուբյեկտները ինչ սպասումներ ունեն եւ այդ սպասումներից ելնելով էլ նրանք պատրաստ կլինեն իրականացնել ներդրումներ։ Գաղտնիք չէ, որ մեծածավալ ներդրումներ իրականացվում են միշտ հաշվի առնելով առկա ռիսկերը։ Այդ ռիսկերը ոչ միան տնտեսական են, այլեւ քաղաքական։ Պատահական չէ, որ բոլոր միջազգային կազմակերպությունների համար մեր երկրի վարկանիշը, վարկունակությունը ունի տնտեսական բովանդակություն, որի շնորհիվ մենք հայտնվում ենք աշխարհի ֆինանսական քարտեզի վրա։ Այդ վարկանիշներն իրենց մեջ պարունակում են քաղաքական ռիսկի էլեմենտը, եւ այն մեծ տեսակարար կշիռ ունի տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների համար։ Ինչո՞ւ եմ այս թեզը առաջ քաշում, որովհետեւ կողմնակից եմ, որ անկախ նրանից, թե քաղաքական հարթությունում ինչպիսի միջավայր է ձեւավորվում, անհրաժեշտ է, որ լինի նաեւ հասարակական ընկալում, հասարակական առաջընթաց, եւ մեր երկու երկրների ժողովուրդների առողջ տարրերը պետք է առաջնորդեն հասարակություններին եւ իրենց տեսակետները տարածեն։ Հասկանալի է, որ այդ ուժերին աջակցելու համար մենք մեծ անելիք ունենք։ Հակառակ դեպքում այդ ուժերը կարող են հայտնվել փոքրամասնության մեջ, եւ մեր տնտեսական, ինչպես նաեւ հասարակական, մշակութային հարաբերությունները չեն կարող ունենալ լուրջ առաջընթաց։ Կա երկրորդ տեսակետը հասարակական հարթության մեջ։ Այն է, որ հասարակությունններն իրենք պետք է ազդեն քաղաքական իշխանությունների վրա, որ հասարակությունները պետք է ձեւավորեն այնպիսի մթնոլորտ, որ քաղաքական իշխանությունները հասկանան, որ նրանք այլընտրանք չունեն եւ պետք է գնան արձանագրությունների վավերացմանը։ Կարծում եմ, սա, իհարկե, ճիշտ ուղղություն է, բայց ժամանակատար։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվելու են, որովհետեւ 21-րդ դարում հարեւան պետությունների միջեւ փակ սահմաններն անհեթեթություն են, եւ քաղաքական իշխանությունները կարող են հայտնվել աննախանձելի վիճակում, եթե նրանք համաշխարհային գործընթացներից ետ մնան։ Քաղաքական իշխանությունները պետք է առաջնորդեն մեզ եւ ոչ թե գնան իրադարձությունների ետեւից։ Դրա համար, կարծում եմ, որ մենք, գիտակցելով այս ամենը, աշխատանքները պետք է զուգահեռաբար տանենք ե’ւ քաղաքական դաշտում, ե’ւ հասարակական միջավայր ձեւավորելու գործում, որպեսզի նաեւ մեր քաղաքական գործիչներին օժանդակենք դրական լուծումների առումով։ Երրորդ հարթությունը, տարածաշրջանային եւ միջազգային հարթությունն է. ինչպես է աշխարհն ընկալում իրավիճակը։ Այդ տեսակետից էլ պետք է արձանագրենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություն, որովհետեւ հազվադեպ է լինում, երբ գլոբալ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ունեն միատեսակ մոտեցում։ Այս բացառիկ հնարավորությունից մենք պարտավոր ենք օգտվել, որպեսզի ապագայում պատմությունից նորից դասեր չքաղենք` կարդալով դասագրքեր եւ հայտնվելով կոտրած տաշտակի առաջ։ Բացառիկ հնարավորություն է մեզ տրված, եւ կարծում եմ, ճիշտ կլինի, որ այդ հնարավորությունից օգտվենք։

Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ողջունել մեր հյուրին։ Պատրաստվելով այս հանդիպմանը` փորձեցի ծանոթանալ TEPAV-ի կատարած աշխատանքներին, այն հետազոտական նյութերին, որոնք տպագրվում են նրանց կողմից եւ ցանկանում եմ պրոֆեսոր Գյուվեն Սաքին ողջունել Հայաստանում։ Համոզված եմ, որ նրա ելույթը, այն քննարկումները, որոնք այսօր կծավալվեն այս սրահում, լինելու են խիստ օգտակար։ Մենք կարոտ ենք այսպիսի քննարկումների եւ շահագրգռված ենք, որ տնտեսական հարաբերություններով զբաղվողների միջեւ լինեն նմանատիպ անմիջական երկկողմ հարաբերություններ։ Համոզված եմ, որ այս հանդիպումը կխթանի նաեւ տնտեսական մտքի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ կան բավականին հետաքրքիր վերլուծական նյութեր, որոնք հրապարակվել են, կա հետաքրքիր բանավեճ, առ այն, թե ինչ կտա սահմանի բացումը մեր երկու տնտեսական համակարգերին։ Իմ ելույթի սկզբում արդեն ասացի, որ համաձայն եմ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի թեզերին։ Տնտեսական մասով նույնպես այդ թեզերին ամբողջությամբ համաձայն եմ։ Եթե մեր հանրությունում կան կասկածներ առ այն, որ դա կարող է լինել կործանարար մեր հանրության համար, կարծում եմ, որ այս քննարկումները շատ օգտակար նյութեր եւ թեզեր կտան այդ կասկածները փարատելու համար, որովհետեւ ես համոզված եմ, որ սահմանի բացումից եւ տնտեսական ինտեգրացիայից շահելու է մեր տնտեսությունը, շահելու է Թուրքիայի տնտեսությունը, շահելու են մեր երկու ժողովուրդները։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել մեր թուրք գործընկերներին Հայաստանի Հանրապետությունում` բարի գալուստ»։

Համաժողովի հիմնական զեկույցը ներկայացրել է Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Գյուվեն Սաքը` «Թուրքիայի փորձը տնտեսական ազատականացման մեջ եւ միջսահմանային ռեգիոնալիզմի ոլորտներում. մասնավոր հատվածի դերը հարեւանների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում եւ մասնավոր հատվածի դերը իր հարեւանների հետ հարաբերությունների զարգացման գործընթացում» թեմայով։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98