ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է: Այս մասին լրագրողներին տեղեկացրել են նրա փաստաբաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը` տարածելով ընդհատակում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորի հայտարարությունը:
Վերջինիս մեջ ասված է. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` զրկված չեմ իմ պատգամավորական անձեռնմխելիությունից: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի որեւէ անձ, որն ապացուցի իմ կողմից հանցագործություն կատարելու որեւէ փաստ: Ես սիրում եմ իմ Հայրենիքը եւ զրկանքներ եմ կրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն աջակցելու` իմ, որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար»:
Եվրադատարանում արդեն կա գործ Սուքիասյանն ընդդեմ ՀՀ-ի առ այն, որ կոնկվենցիայի խախտմամբ պատգամավորին կալանավորելու որոշում է կայացվել, այնուհետեւ նա շուրջ 6 ամիս զրկված է եղել իր պաշտպանների միջոցով պաշտպանվելու հնարավորությունից, այնուհետեւ նրա պաշտպանների միջնորդությունները կալանքի վերացման կապակցությամբ, անհիմն չեն քննարկվել: Նմանատիպ դիմում կա նաեւ ՀՀ ՍԴ-ում, որը կքննարկվի սեպտեմբեր ամսին:
Խաչատուր Սուքիասյանի պաշտպանները նաեւ նշել են, որ միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել, եւ իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումը, ինքնին, «չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն պարոն Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը»: