
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գիտելիքի ու դպրության օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Նորավան գյուղ, որտեղ մասնակցել է գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շենքի բացմանը։
Դպրոցի կառուցման համար պետական բյուջեով հատկացվել է շուրջ 275 մլն դրամ։ Վարչապետը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել զարգացման ծրագրերին եւ խնդիրներին։
Դպրոցի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետն ասել է. «Ձեզ համար այսօր կրկնակի տոն է։ Դուք այսօր նշում եք ոչ միայն սեպտեմբերի մեկը, այլ նաեւ ուրախանում եք այն առիթով, որ համայնքն ունեցավ իր սեփական դպրոցը։ Համոզված եմ, որ այս օրը ձեր համայնքի համար պատմական է լինելու. սա նոր սկիզբ է համայնքի համար, որովհետեւ որտեղ բացվում է նոր դպրոց, այնտեղ բացվում է նոր հեռանկար»։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դպրոցաշինությունը գնտվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ վարչապետը նաեւ նվերներ է հանձնել դպրոցի առաջին դասարանցիներին։