ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՌԱՊԱՏԿՎԵԼ Է
Երկքաղաքացիություն ստանալու համար այս տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով դիմել է օտար երկրի գրանցում ունեցող 3 հազար 514 մարդ: 2008-ի 7-8 ամիսների կտրվածքով` երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո, դիմողների եւ քաղաքացիություն ստացողների թիվը եղել է 1350, այսինքն` այս տարի այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է: Այսօր ՀՀ կառավարության նիստին հաջորդած ասուլիսին այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հ. Հակոբյանը խոստացավ, որ այդ գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով երկքաղաքացիություն ստանալու ընթացակարգերն էլ ավելի կպարզեցվեն:
Դիմողները հիմնականում Հայաստանի հետ առավել կապված մարդիկ են, ովքեր ներգրավված են համահայկական տարբեր կառույցներում, զբաղվում են հայապահպանական խնդիրներով, հաճախ են այցելում Հայաստան: Սակայն նա նկատեց նաեւ, որ շատ դիմողներ նույնիսկ չեն էլ եղել Հայաստանում: Երկքաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների թվում են նաեւ հատկապես հոգեւոր դասի ներկայացուցիչները:
Հ. Հակոբյանի տեղեկացմամբ` դիմողները հիմնականում միջին եւ բարձր տարիքի են, առավել փոքր թիվ են կազմում բանակային ծառայության տարիքի անձինք: Նա հիշեցրեց, որ, ըստ օրենքի, եթե տվյալ անձը ծառայել է այլ երկրում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտականությունից, եթե չի ծառայել` պիտի ծառայի ՀՀ-ում: Սեռերի առումով դիմողների թիվը գրեթե հավասար է: