ՈՍԿԵ ԾԻՐԱՆ – ԱՅՍ ՏԱՐԻ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՐՈՒՍՏ ԱՐՏԱՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Երևանում պատրաստվում են «Ոսկե Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Կազմակերպիչների խոսքերով, այս տարի կինոփառատոնը կներկայացնի հարուստ արտամրցույթային ծրագիր և կհյուրընկալի բազում ճանաչված կինոգործիչների:
Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի Ոսկե Ծիրանի «Հարգանքի տուրք» ծրագիրի շրջանակներում կհիշատակվի հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոն (Աշոտ Մալաքայն): Նրա 90-ամյակի կապակցությամբ կկայանա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Այս տարի փառատոնը հարուստ է լինելու արտերկրից ժամանած անվանի հյուրերով: Ոսկե ծիրանի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում Երևան կայցելի հանրահայտ կինոդերասանուհի, հայ հանդիսատեսին «Մայրի» ֆիլմով ծանոթ Կլաուդիա Կարդինալեն, ծագումով հայ, կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, հույն բեմադրիչ, սցենարիստ և պրոդյուսեր Թեոդորոս Անգելոպուլոսը, բեմադրիչ, սցենարիստ, դերասան Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, ֆրանսիացի կինոբեմադրիչ, սցենարիստ, ֆրանսիական հեղինակային կինոյի ամենավառ անուններից մեկը` Կլեր Դենին և թուրքական ծագումով գերմանացի բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ, դերասան Ֆաթիհ Աքինը:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրների բեմադրիչների նկարահանած 100-ից ավել ֆիլմեր: