ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԸ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի ջանքերով օրեր առաջ Հայ Առաքելական Եկեղեցին
պաշտոնապես գրանցվեց Իռլանդիայի Հանրապետությունում: Այնուհետև, Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոս՝ Օհան Երգայնհարսյանի, Մարգարեթ եւ Աիդա Սարաֆյանների և Իռլանդիայում հայ համայնքի աջակցությամբ Տ. Վահանը 2010թ հոկտեմբերի 17-ին Դուբլինում իրականացրեց Իռլանդիայում առաջին հայկական պատարագը, որին հաջորդեց 9 հայ մանուկների եւ պատանիների կնունքը: Լոնդոնից ժամանած հոգևորականներն ու երգչախումբը առաջին անգամ հայկական հոգևոր հոգեհույզ մեղեդիները հնչեցրին Իռլանդիայի մայրաքաղաքում:
Եկեղեցական արարողությունները շարունակվեցին ընթրիքով, որտեղ հայ համայնքի անդամները առիթ ունեցան շփվել Տ. Վահանի հետ եւ ստանալ նրա օրհնանքը: Առաջարկվեց հիմնել համայնքային խորհուրդ, որը կզբաղվի պատարագների, սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակեպմամբ՝ նպաստելու Իռլանդիայի հայ համայնքի համախմբմանը և հայ երիտասարդների առաքելական ոգով դաստիարակմանը:
Վահե Պարոնյան, Հարություն Շահումյան