Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՄԻՊ. Ադրբեջանում պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրությունը վերահաստատում է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը
13/04/2021 15:39
Կիսվել

ՄԻՊ. Ադրբեջանում պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրությունը վերահաստատում է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը»  պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: «Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը»,-նշել է Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Նա, այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում: Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին: Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով:  Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան  պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ»,-նշել է:

Արման Թաթոյանի խոսքով, պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:

«Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար»,-նշել է նա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56