Հայկական «Օլիմպիկոս» լիամետրաժ, երաժշտական, անիմացիոն նոր ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի մայիսի 27-ին
«SHARM PICTURES»-ը և «Սահակյանց անիմացիոն ստուդիան» ներկայացնում են «Օլիմպիկոս» լիամետրաժ, երաժշտական, անիմացիոն նոր ֆիլմը, որի պրեմիերան կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Դալմա Գարդեն մոլի «Սինեմա Սթար» կինոթատրոնում։
Անիմացիոն ֆիլմը, որ հիմնված է պատմական փաստերի վրա, առավել քան արդիական է այսօր: Այն հյուսված է միասնական ուժի և համախմբված լինելու գաղափարի վրա՝ ինչը հաղթանակներ կերտելու կարևոր գրավականն է: Իսկ ֆիլմի գլխավոր դրական հերոսները հայրենասիրության և ընտանեկան բարձր արժեքների լավագույն օրինակ են:
Ֆիլմի հիմնաքարը Մեծ Հայքի Վարազդատ Արշակունի արքայի մասին մեզ հասած պատմական փաստն է, որի «խոսուն» վկան Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ Օլիմպիական խաղերի թանգարանում պահպանվող հնագույն մարմարե հուշատախտակն է՝ հաղթանակած մարզիկների անուններով:
Վարազդատ արքան օրերից մի օր Հին Հունաստանից ստանում է նամակ, որով երկրի լավագույն մարզիկին հրավիրում են մասնակցելու օլիմպիական խաղերին։ Հիշելով իր մարտական անցյալը՝ արքան որոշում է անձամբ մեկնել Հունաստան և մասնակցել օլիմպիական խաղերին՝ ապացուցելու, որ ուժեղ է, ամուր և հզոր։ Հաղթահարելով չար ուժի կողմից կազմակերպված բազում խոչընդոտները՝ Վարազդատը դառնում է օլիմպիական խաղերի չեմպիոն և փառքով վերադառնում Հայաստան…
Բեմադրող ռեժիսորները Դավիթ և Հայկ Սահակյանցներն են, սցենարի հեղինակները՝ Վարդան Զադոյանը, Դավիթ Սահակյանցը, Լյուդմիլա Սահակյանցը, Ռուբեն Ջաղինյանը, Հայկ Սահակյանցը, Սարգիս Մնոյանը, բեմադրող նկարիչը՝ էռնեստ Մուրադյանը, կոմպոզիտորը՝ Արմեն Մարտիրոսյանը։ Անիմացիոն ֆիլմի պրոդյուսերներն են Հայկ Սահակյանցը ևԴավիթ Սահակյանցը, հետարտադրության պրոդյուսերը՝ Վահան Հովհաննիսյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Ջաղինյանն է։
Հերոսներին հնչյունավորել են Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Զարուհի Բաբայանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լիլիթ Թոխատյանը, Վիգեն Ստեփանյանը, Նարեկ Դուրյանը, Դավիթ Բաբայանը։
Ֆիլմի տևողությունը 1 ժամ 15 րոպե է։