Արցախում կկայանա Գինու չորրորդ փառատոնը
Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործների Արցախից ու Հայաստանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ:
Փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու: Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու տեղացիների հետ: