
«ԱԵՐՈՖԼՈՏ»-Ի ՕՆ-ԼԱՅՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ռուսական խոշորագույն ավիափոխադրող «Աերոֆլոտ» ընկերությունն ընդլայնել է օն-լայն գրանցման աշխարհագրությունը և այժմ 12 քաղաքներից, այդ թվում նաև Երևանից, ինտերնետի միջոցով ուղևորները կարող են անցնել գրանցում:
«Աերոֆլոտ» ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն համապատասխան չվերթին ուղևորի օն-լայն գրանցումը մեկնարկում է թռիչքից 24 ժամ առաջ և ավարտվում 1 ժամ 30 րոպե առաջ: Ինտերնետի միջոցով գրանցումն անցնելու համար անհրաժեշտ է ավիաընկերության կայքէջի համապատասխան բաժնում մուտքագրել պահանջվող տվյալները (անուն, ազգանուն, չվերթի համար, անձնագրի տվյալներ և այլն): Ուղևորներին տրվում է նաև հնարավորություն ընտրել ինքնաթիռում իր համար առավել հարմար նստատեղ:
Նշենք, որ «Աերոֆլոտ»-ը տարեկան փոխադրում է շուրջ 10 մլն ուղևոր, և իրականացնում է չվերթներ 95 ուղղությամբ` աշխարհի 48 երկրներ: