Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ԱՇՈՒՆ 2010
27/12/2010 15:17
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ԱՇՈՒՆ 2010

«Ինտերնետը Հայաստանում» 5-րդ զեկույցում ներկայացված են 2010թ.-ի աշնան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար օպերատորներ», «Առաջատար կայքեր» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Ինչպես և սպասվում էր, աշնան ընթացքում Circle.am-ում գրանցվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների քանակների անընդհատ աճ: Սեպտեմբերին այցելությունների քանակը կազմել է 10 959 750 (էջերի դիտումներ` 49 398 218), հոկտեմբերին` 12 404 856 (55 163 063) և նոյեմբերին` 13 332 067 (58 682 223): Այս թվերը վկայում են, որ աշնան բոլոր երեք ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների քանակների նոր ռեկորդային ցուցանիշներ: Վերոնշյալ ժամանակահատվածում Circle.am-ում գրանցվել է 270 նոր կայք:

Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աշնան ընթացքում այցելությունների քանակն աճել է 50%-ով, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այցելությունների քանակի աճը կազմել է 27.4%. բացարձակ աճը (հաշվի չեն առնվում վերջին կես տարում ավելացած կայքերի ցուցանիշները)` 20%:

Հայաստանյան այցելություններ

Հակառակ «Ամառ 2010» զեկույցում մեր կողմից արված կանխատեսման` աշնան ընթացքում հայաստանյան այցելությունների մասնաբաժինն այցելությունների ընդհանուր ծավալում աճել է: Սա Հայաստանում ինտերնետի աճի տեմպերի կտրուկ արագացման հետևանք է:

Սեպտեմբեր ամսին հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 5 027 500 (այցելությունների ընդհանուր թվի 45.8%-ը), հոկտեմբերին` 5 756 731 (46.4%), նոյեմբերին` 6 185 352 (46.39%): Նոյեմբեր ամսին օգոստոսի համեմատ հայաստանյան այցելությունների մասնաբաժինն աճել է 2.3 տոկոսային կետով, իսկ մայիսի համեմատ` 6.43 տոկոսային կետով կամ 58.64%-ով:

58.64%-ոց աճի մոտ 16 տոկոսային կետը բաժին է ընկնում վերջին 6 ամսում Circle.am-ում գրանցված կայքերին, ևս 8-12 տոկոսային կետ կազմում է սեզոնային բաղադրիչը: Հետևաբար մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում հայաստանյան այցելությունների բացարձակ աճը կազմել է 30-34%:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP հասցեներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես և մեծ հաճախականությամբ թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Ինչպես և նախկինում, Հայաստանի առաջատար պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը: Չնայած նրան, որ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, Beeline-ի առավելությունը մրցակիցների նկատմամբ շարունակում է մնալ չափազանց մեծ: Ամռան վերջում և աշնան ընթացքում առաջատարը քայլեր է ձեռնարկել և” լայնաշերտ, և” բջջային ինտերնետի զարգացման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց են տալիս ստացված տվյալները, Beeline-ին չի հաջողվել մրցակիցներին հավասար աճի տեմպեր ապահովել: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ընկերության ցուցանիշը նվազել է 0.68 տոկոսային կետով և կազմել 40.26%: Հոկտեմբերի ընթացքում աճը կազմել է 0.36 տոկոսային կետ, և արձանագրվել է 40.62% ցուցանիշ: Նոյեմբեր ամսվա ընթացքում ցուցանիշը նվազել է 0.34 տոկոսային կետով և կազմել 40.24%: Փաստորեն, աշնան ընթացքում Beeline-ի ցուցանիշը նվազել է 0.7 տոկոսային կետով: Հատկանշական է, որ արդեն դեկտեմբերի սկզբին Beeline-ը մեկ տարվա պայմանգիր կնքող հաճախորդների համար զգալիորեն` 50-100%-ով, ավելացրեց Hi-line ինտերնետի անսահմանափակ փաթեթների շրջանակներում տրամադրվող ինտերնետի արագությունները: Սպասված քայլ, որն ընկերությանը հնարավորություն կտա պահպանելու այն հաճախորդներին, որոնց տարեկան պայմանագրերը սկսում են սպառվել դեկտեմբեր ամսից: Դեռ ավելին, առաջարկվող փաթեթների գին/արագություն գրավիչ հարաբերակցությունը կնպաստի նոր հաճախորդների ներգրավմանը: Առաջիկայում Beeline-ի ցուցանիշների աճին կնպաստեն նաև Երևանում 61 և 62  հեռախոսակայանների թվայնացումը և Երևանից դուրս Hi-line ծառայության աշխարհագրության ընդլայնումը:

Երկրորդ տեղում Orange-ն է: Ամռան ընթացքում գրանցված բավական տպավորիչ արդյունքներից հետո Orange-ին հաջողվել է պահպանել աճի բավականին բարձր տեմպերը: Օրանժն այն երկու պրովայդերներից մեկն է, որոնց աշնան բոլոր ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել շարունակական աճ: Սեպտեմբերին գրանցվել է 16.5% ցուցանիշ. օգոստոսի համեմատ աճը կազմել է 0.72 տոկոսային կետ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում աճը կազմել է 0.97 տոկոսային կետ և արձանագրվել է 17.47% ցուցանիշ: Նոյեմբեր ամսին գրանցվել է 17.8% ցուցանիշ. հոկտեմբերի համեմատ աճը` 0.33 տոկոսային կետ: Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աշնան ընթացքում Orange-ի մասնաբաժինն աճել է 2.02 տոկոսային կետով կամ 12.80%-ով: Միևնույն ժամանակ, բջջային ինտերնետի ոլորտում Orange-ը շարունակում է մնալ բացարձակ առաջատար:

Երրորդ տեղում է Vivacell-MTS-ը: Աշնան երեք ամիսների ընթացքում առաջատար բջջային օպերատորի ցուցանիշներն անընդմեջ նվազել են: Սեպտեմբերին գրանցվել է 10.1% ցուցանիշ (օգոստոսի համեմատ անկումը կազմել է 0.88 տոկոսային կետ): Հոկտեմբերին արձանագրվել է 10.03% ցուցանիշ (սեպտեմբերի համեմատ -0.07 տոկոսային կետ) և նոյեմբերին գրանցվել է 10.02 տոկոս ցուցանիշ (հոկտեմբերի համեմատ -0.01 տոկոսային կետ): Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աշնան ընթացքում Vivacell-MTS-ի մասնաբաժինը նվազել է 0.96 տոկոսային կետով: Չնայած սեպտեմբերի սկզբին գործարկված բջջային ինտերնետի բավական մատչելի փաթեթին, ակնհայտ է, որ Vivacell-MTS-ին դեռևս չի հաջողվում բջջային ինտերնետի ոլորտում լուրջ առաջընթաց գրանցել: Կարծում ենք ՄՏՍ-կոնեկտ ծառայության բազային արագության կրկնապատկումը կարող է Vivacell-MTS-ին բջջային ինտերնետի ծառայությունների ոլորտում զգալի առաջընթաց ապահովելու հնարավորություն տալ. վերջին 6 ամիսների ընթացքում Orange-ի արձանագրած կտրուկ աճը համանման քայլի վառ օրինակ է:

Չորրորդ տեղում է ADC ընկերությունը: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ընկերության ցուցանիշն աճել է 0.48 տոկոսային կետով և կազմել 7.09%: Հոկտեմբերի ընթացքում արձանագրվել է անկում` 0.52 տոկոսային կետ և սահմանվել է 6.57% ցուցանիշ: Նոյեմբերին կրկին արձանագրվել է աճ` 0.22 տոկոսային կետ, մասնաբաժինը կազմել է 6.79%: Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ ADC-ի մասնաբաժինն աճել է 0.18 տոկոսային կետով:

Հինգերորդ հորիզոնական է բարձրացել Ucom-ը: Ինչպես և Orange-ի դեպքում, Ucom-ին հաջողվել է աճ արձանագրել աշնան բոլոր ամիսների ընթացքում: Սեպտեմբերին արձանագրվել է 4.51% ցուցանիշ (+0.29 տոկոսային կետ), հոկտեմբերին` 4.87% (+0.36 տոկոսային կետ) և նոյեմբերին` 5.23% (+0.36 տոկոսային կետ): Աշնան ընթացքում ընկերությանը հաջողվել է 1.01 տոկոսային կետով կամ 24%-ով բարելավել իր ցուցանիշը: Ցածր սակագների և հավելյալ ծառայությունների մատուցումը ընկերությանը հնարավորություն են տալիս արագորեն մեծացնել հաճախորդների քանակը: Ucom-ի համար աճի տեմպերի պահպանումը ուղիղ համեմատական է մնում ընկերության ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանը: Հաշվի առնելով հաջորդ տարի Երևանի ևս մի քանի շրջաններում ծառայություններ մեկնարկելու ընկերության մտադրությունները` կարելի է պնդել, որ Ucom-ին կհաջողվի պահպանել աճի արագ տեմպերը:

Մեկ հորիզոնականով նահանջել և վեցերորդ տեղում է հայտնվել Arminco-ն: Չնայած այն հանգամանքին, որ աշնան ընթացքում ընկերությանը հաջողվել է 0.04 տոկոսային կետով աճ ապահովել, սակայն Ucom-ի աճի ավելի արագ տեմպերը թույլ չեն տվել Arminco-ին պահպանել 5-րդ հորիզոնականը: Սեպտեմբերին արձանագրվել է 5.35% ցուցանիշը (+0.33 տոկոսային կետ), հոկտեմբերին` 5.02% (-0.33 տոկոսային կետ) և նոյեմբերին` 5.06% (+0.04 տոկոսային կետ):

7-ից 9-րդ տեղերը զբաղեցնող Cornet-AM, iCON և Bionet պրովայդերների ցուցանիշներն աշնան երեք ամիսների ընթացքում շարունակ նվազել են: 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Cornet-AM-ի ցուցանիշը նվազել է 0.66 տոկոսային կետով և կազմել 3.29%: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում 8-րդ տեղը զբաղեցնող iCON-ի մասնաբաժինը նվազել է 0.64 տոկոսային կետով և կազմել 2.79%: 9-րդ հորիզոնակամ է Bionet ընկերությունը, որի ցուցանիշն աշնան ընթացքում նվազել է 0.18 տոկոսային կետով և կազմել 1.17%:

Տասնյակը եզրափակող Web ընկերությանը սեպտեմբեր ամսին հաջողվել է 0.04 տոկոսային կետով ավելացնել իր մասնաբաժինը, սակայն հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է նվազում, որի հետևանքով ընկերության ցուցանիշի անկումն աշնան ընթացքում կազմել է 0.05 տոկոսային կետ` հասնելով 1.16%-ի:

Նոյեմբեր ամսին առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկել այցելությունների 93.55%-ը: Օգոստոսի համեմատ ցուցանիշն աճել է 0.06%-ով: Հիշեցնենք, որ մայիս ամսին գրանցվել էր 92.62% ցուցանիշ, իսկ փետրվարին` 91.62%: Վերջին 9 ամիսների ընթացքում ցուցանիշի աճը կազմել է 1.93%: Ոլորտի խոշորացման միտումն ակնհայտ է:

Աշխատանքային և հանգստյան օրերի ընթացքում արձանագրվող ցուցանիշների համեմատությունը հնարավորություն է տալիս մեզ գնահատելու տարբեր պրովայդերների մոտ անհատ և կորպորատիվ (տուն/գրասենյակ) հաճախորդների հարաբերակցությունը:

Ա. Կրճատում 50%-ից ավել – ADC` հանգստյան օրերին 50%, Arminco` 70%, Cornet-AM` 50%, Web` 55%: Այս ցուցանիշները հստակորեն ցույց են տալիս, որ տվյալ պրովայդերների մոտ մեծ թիվ են կազմում բիզնես կամ կորպորատիվ հաճախորդները:

Բ. Կրճատում մինչև 50% – Ucom` 33%, Bionet` 20%, iCON` 35%, Beeline` 11%: Այս խմբի մոտ առկա է բիզնես հաճախորդների որոշակի քանակություն, սակայն հաճախորդների հիմնական խումբը անհատներ են:

Գ. Անփոփոխ – Orange և Vivacell-MTS` կրճատում չկա (տատանումը` +/- 3%): Ակնհայտ է, որ հանգստյան օրերին բջջային ինտերնետի տրաֆիկը չի նվազում, քանի որ բջջային ինտերնետի դեպքում տան և գրասենյակային ինտերնետ հասկացությունները բացակայում են: Բ. խմբում ընդգրկված Beeline-ի մոտ կրճատման բավական փոքր ցուցանիշը ինչ-որ չափով նաև պայամավորված է բջջային ինտերնետի տրաֆիկի առկայությամբ:

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին.

Սեպտեմբեր – 1. Hamovhotov.com` 1067830, 2. Regnum.ru (Armenia)` 722821, 3. News.am` 623542, 4. Gisher.ru` 525475, 5. Tert.am` 516969, 6. Armenia-Online.ru` 406382, 7. Armtoday.info` 361600, 8. Hayland.am` 338689, 9. A1plus.am` 308965, 10. Armsport.am` 226522: Տասնյակում ընդգրկված են 6 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ, 2 սոցիալական ցանց:

Հոկտեմբեր – 1. Hamovhotov.com` 1211932, 2. Regnum.ru (Armenia)` 866458, 3. News.am` 850175, 4. Tert.am` 572999, 5. Armtoday.info` 381467, 6. Hayland.am` 359993, 7. Armenia-Online.ru` 353971, 8. A1plus.am` 333534, 9. Armsport.am` 249508, 10. Lragir.am` 237964: Արդյունքում` 7 լրատվական կայք, 1 վիդեո պորտալ, 2 սոցիալական ցանց: Տասնյակում է հայտնվել Lragir.am լրատվական կայքը:

Նոյեմբեր – 1. Hamovhotov.com` 1421451, 2. News.am` 835823, 3. Regnum.ru (Armenia)` 780341, 4. Tert.am` 604191, 5. Armtoday.info` 421390, 6. Hayland.am` 358140, 7. A1plus.am` 355499, 8. Armenia-Online.ru` 339984, 9. Lragir.am` 265985, 10. Armsport.am` 235326: Տասնյակում ընդգրկված են 7 լրատվական կայք, 1 վիդեո պորտալ, 2 սոցիալական ցանց:

Ինչպես տեսնում ենք Hamovhotov.com վիդեո պորտալը շարունակում է գլխավորել առաջատար կայքերի ցուցակը: Hamovhotov.com-ը դեռևս մնում է Circle.am-ում գրանցված միակ կայքը, որի ամսական այցելությունների քանակն անցնում է 1 միլիոնից:

Աշնան ամիսների առաջին տասնյակներն ըստ հայաստանյան այցելությունների հետևյալն են`

Սեպտեմբեր – 1. Tert.am` 346369, 2. News.am` 234181, 3. A1plus.am` 194648, 4. Armsport.am` 181218, 5. Hayland.am` 152410, 6. Lragir.am` 141354, 7. Auto.am` 141030, 8. Druzja.am` 108214, 9. Rate.am` 107523, Armtoday.info` 101596: Տասնյակում ընդգրկված են 6 լրատվական կայք, 2 բիզնես, 2 սոցիալական ցանց:

Հոկտեմբեր – 1. Tert.am` 383909, 2. News.am` 348572, 3. A1plus.am` 210126, 4. Armsport.am` 199606, 5. Lragir.am` 166575, 6. Hayland.am` 158397, 7. Auto.am` 154762, 8. Aravot.am` 111127, 9. Rate.am` 111076, 10. Drujza.am` 106356: Տասնյակում` 6 լրատվական կայք, 2 բիզնես, 2 սոցիալական ցանց: Առաջատար տասնյակից դուրս է մղվել Armtoday.info լրատվական կայքը և տասնյակում է հայտնվել Aravot.am-ը:

Նոյեմբեր – 1. News.am` 426270, 2. Tert.am` 410850, 3. A1plus.am` 231074, 4. Lragir.am` 194169, 5. Armsport.am` 190614, 6. Auto.am` 166340, 7. Hayland.am` 157582, 8. Rate.am` 132513, 9. Aravot.am` 119877, 10. Armtimes.am` 110212: Տասնյակում` 7 լրատվական կայք, 2 բիզնես, 1 սոցիալական ցանց: Տասնյակից դուրս է մղվել Druzja.am սոցիալական ցանցը և տասնյակում է հայտնվել Armtimes.am-ը:

Այստեղ ևս լրատվական կայքերի գերազանցությունն ակնհայտ է: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տասնյակը գլխավորել է Tert.am-ը, նոյեմբերին` News.am-ը:

Սեպտեմբեր ամսին Circle.am-ի Top 10 կայքերին բաժին է ընկել այցելությունների 54.63%-ը, հոկտեմբերին` 43.67%-ը, նոյեմբերին` 42.14%-ը: Սեպտեմբեր ամսին Circle.am-ի Top 100 կայքերին բաժին է ընկել այցելությունների 91.28%-ը, հոկտեմբերին` 83.10%-ը, նոյեմբերին` 84.03%-ը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Բրաուզերներ

Զեկույցի շրջանակներում առաջին անգամ ներկայացնում ենք նաև Circle.am-ի այցելուների կողմից օգտագործվող բրաուզերների ցուցանիշները: Այսպիսով, Circle.am-ի այցելուներն առաջին հերթին նախընտրում են Firefox բրաուզերը` 35.76%. երկրորդ տեղում է Internet Explorer-ը` 28.15%: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Chrome բրաուզերը` 21.22%, Opera-ն չորրորդն է` 13.91%: Հնգյակը եզրափակում է Safari-ն` 0.52%: Մնացած բրաուզերներին բաժին է ընկնում 0.44%-ը:

Circle.am-ում գրանցված կայքերի հայաստանյան այցելուների մոտ պատկերը կտրուկ փոխվում է: Առաջին տեղում կրկին Firefox-ն է` 41.05%, Chrome-ը երկրորդն է` 27.36%: Երրորդ հորիզոնականում է Internet Explorer-ը` 19.98%, չորրորդ տեղում է Opera-ն` 11.08%, և հնգյակը եզրափակում է Safari-ն` 0.29%: Մնացած բրաուզերներին բաժին է ընկնում 0.25%-ը:

Բրաուզերների մասնաբաժինների համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ Internet Explorer-ը աշխարհում դեռևս մնում է ընդգծված առաջատար: Այսպես, ըստ Net Applications-ի` 2010թ.-ի նոյեմբերին գրանցվել է հետևյալ պատկերը` 1. Internet Explorer` 58.44%, 2. Firefox` 22.76%, 3. Chrome` 9.26%, 4. Safari` 5.55%, 5. Opera` 3.14%: StatCounter-ը ներկայացնում է հետևյալ տվյալները` 1. Internet Explorer` 46.22%, 2. Firefox` 29.92%, 3. Chrome` 12.81%, 4. Safari` 4.51%, 5. Opera` 1.93%: W3Counter տվյալները հետևյալն են` 1. Internet Explorer` 40.1%, 2. Firefox` 30.2%, 3. Chrome` 12.4%, 4. Safari` 5.7%, 5. Opera` 1.9%: Median-ի տվյալները բավական նման են StatCounter-ի տվյալներին` 1. Internet Explorer` 46.22%, 2. Firefox` 29.92%, 3. Chrome` 12.4%, 4. Safari` 5.55%, 5. Opera` 1.93%:

Նշենք, որ StatCounter-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող տվյալները բավական մոտ են մեր կողմից ստացվածներին: Այսպես, ըստ StatCounter-ի` Հայաստանում բրաուզերների մասնաբաժինները հետևյալն են` 1. Firefox` 41.21%, 2. Chrome` 26.75%, 3. Internet Explorer` 19.11%, 4. Opera` 11.42%, 5. Safari` 1.27%:

Ինտերնետ բրաուզերների բաշխվածության վերջին 10 տարիների տվյալները ցույց են տալիս, որ Internet Explorer-ը դանդաղ ու կայուն տեմպերով զիջում է առաջատարի իր դիրքերը: Հայաստանում Firefox-ի և Chrome-ի առաջատար դիրքերը ամենևին էլ անսպասելի չեն: Այսպիսի պատկերը հիմնականում պայմանավորված է Հայաստանում ինտերնետի ուշ զարգացմամբ և մասսայականացմամբ: Կարելի է պնդել, որ բրաուզերների բաշխվածության առումով Հայաստանը առաջ է անցել համաշխարհային միտումներից:

Դոմեններ և հոսթինգ

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում, ամռան տվյալների համեմատ այս ցուցանիշը չի փոփոխվել: .com դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշն ամռան համեմատ աճել է 1 տոկոսային կետով և կազմել 30%, միևնույն ժամանակահատվածում .ru դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 7%: .net դոմենային գոտում գրանված կայքերի ցուցանիշը չի փոփոխվել և կրկին կազմել է 3%, մնացած դոմենային գոտիներին բաժին է ընկնում գրանցված կայքերի 9%-ը:

Աշնան ընթացքում շարունակել է նվազել հայաստանյան հոսթինգ ծառայություններից օգտվող կայքերի մասնաբաժինը: Ամռան համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի մասնաբաժինը կրճատվել է 0.42 տոկոսային կետով և կազմել 19.58%:

Circle.am-ում գրանցված կայքերի տեղաբաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է` 1. ԱՄՆ – 57.09% (898 կայք), 2.  Հայաստան – 19.58% (308), 3. Ռուսաստան – 9.47% (149), 4. Մեծ Բրիտանիա – 5.21% (82), 5. Կանադա -2.86% (45), 6. Գերմանիա – 1.72% (27), 7. Նիդերլանդներ – 1.4% (22), 8. Ուկրաինա – 0.64% (10), 9. Ֆրանսիա – 0.57% (9), 10. Իռլանդիա – 0.32% (5), Լատվիա – 0.19% (3), 11. Վրաստան, Դանիա, Իտալիա, Շվեցիա – 0.13-ական տոկոս (2), 12. Հունաստան, Իսպանիա, Կորեա, Լեհաստան, Չեխիա, Շվեյցարիա, Էստոնիա – 0.06-ական տոկոս (1):

Փորձենք պարզել հայաստանյան հոսթինգի նման ցածր ցուցանիշի պատճառները:

Նախևառաջ պետք է առանձնացնել կայքերի այն խումբը, որոնք, գործարկվելով որևէ հարթակի միջոցով, ի սկզբանե տեղակայվում են Հայաստանից դուրս: Առաջին հերթին խոսքը գնում է բլոգների և անվճար կայքերի գործարկման հնարավորություն տվող հարթակների մասին: Circle.am-ում ներկայացված 173 բլոգներ օգտվում են Livejournal.com, WordPress.com և Blogger.com հարթակներից և տեղակայված են ԱՄՆ-ում: Անվճար կայքերի գործարկման հնարավորություն տվող հարթակներից լեզվական պատնեշի բացակայության պատճառով առավելապես օգտագործվում են ռուսականները: Circle.am-ում գրանցված 124 կայքեր օգտվում են նման հարթակներից` Ucoz (*.do.am, *.ucoz.com) և Yandex Narod (*.narod.ru): Հայաստանում նման հարթակների բացակայությունը ի սկզբանե մեծացնում է արտասահմանում տեղակայված կայքերի թիվը: Իհարկե, կարելի է ասել, որ Հայաստանում դեռևս գործում է Freenet-ը և անգամ Circle.am-ում գրանցված 34 կայքեր տեղակայված են այնտեղ:Սակայն, չթերագնահատելով Freenet-ի ունեցած մեծ դերը հայկական ինտերնետի զարգացման գործում, պետք է նշել, որ այժմ այն որպես արտասահմանում գործող նմանատիպ այլ հարթակների այլընտրանք չի կարող դիտարկվել:

Նույն գնային միջակայքում առաջարկվող ամերիկյան և հայաստանյան վիրտուալ հոսթինգի ծառայությունների համեմատությունը Հայաստանի օգտին չէ: Հայաստանյան պրովայդեր – արժեքը` 10 դոլար/ամիս, տրաֆիկ` 1 տերաբայթ, տարածք` 500 մեգաբայթ, փոքր քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ: Ամերիկյան պրովայդեր – արժեքը` 8 դոլար/ամիս, տրաֆիկ` անսահմանափակ, տարածք` 600 գիգաբայթ, մեծ քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ:
 
Սպասարկման, տեխնիկական աջակցության, կապուղիների տարողության առումներով նույնպես հայաստանյան ընկերությունները զիջում են իրենց արտասահմանյան գործընկերներին: Արտասահմանում վիրտուալ սերվերի աշխատանքի խափանման դեպքում պրովայդերը խնդիրը լուծում է հաշված րոպեների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում առանձնացված սերվերի փոխանակումը կատարվում է 2-4 ժամում: Հայաստանում ժամը 18.00-ից հետո գործնականում անհնար է ստանալ անգամ տարրական հարցերին վերաբերող պատասխաններ:

Վերոնշյալ բոլոր փաստարկները խոսքում են արտասահմանյան հոսթինգ ծառայությունների օգտին: Հետաքրքրական է նաև, որ հայաստանյան որոշ  պրովայդերներ իրենց հոսթինգ ծառայությունները տրամադրում են արտասահմանում գտնվող սերվերների միջոցով:

Մոնիտորների կետային չափորոշումներ

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների կետային չափորոշումները աշնան ընթացքում (screen resolution, px) բաշխվել են հետևյալ կերպ.
1024×768` 23.00% (ամռան նկատմամբ` -4%), 1280×1024` 16% (-2%), 1280×800` 12% (-2%), 1440×900` 11% (+2%), 1366×768` 9% (+5%), 1680×1050` 4% (0%), 1152×864` 3% (-1%), 1600×900` 3.00% (0%), 1280×960` 2% (0%), 1920×1080` 2.00% (0%), 1360×768` 2.00% (0%): Ինչպես տեսնում ենք, վերջին երեք ամիսների ընթացքում աճել են առավել մեծ կետային չափորոշումներ ունեցող մոնիտորների ցուցանիշները, ինչը խոսում է համակարգչային տեխնիկայի թարմացման բարձր տեմպերի մասին:

Մնացած 11%-ը բաժին է ընկնում կետային փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումներին` հիմնականում բջջային հեռախոսներին: Ինչից էլ հետևություն ենք անում, որ Circle.am-ում գրանցված այցելությունների 11%-ը իրականացվում է բջջային սարքերից:

—————————————

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report: Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Էդուարդ Այվազյանին:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 38-43%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58