ռեԱրմենիա. Խաղում և կարդում ենք բոլորս. Ինչպես են Վաղուհասի երեխաները լուծում իրենց գրադարանի և խաղահրապարակի խնդիրը
Արցախում կա զարմանալի մի գյուղ՝ Վաղուհաս: Այս գյուղում կա 650 բնակիչ, որից 230-ը երեխաներ են: Վաղուհասի Գրիշա Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նարա Բալայանի խոսքով շատ երեխաներ ունենալը գյուղի հին ավանդույթներից է և վաղուհասցիների մոտ հայրենասիրության դրսևորումն է: Վաղուհասն Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից է, երկար ու հետաքրքիր պատմությամբ։ Գյուղի տարածքում եկեղեցիներ կան, խաչքարերի մասունքներ: Շուրջ 100-150 տարի առաջ եղել են Վերին Վաղուհաս, որն ուներ 800 տնտեսություն, և Ներքին Վաղուհաս: Վերին Վաղուհասում պահպանված եկեղեցիներից է Կարմիր վանքը, որը թվագրվում է 12-13-րդ դարերը: Այդ գյուղի բնակչությունը ժամանակի ընթացքում տեղափոխվել է Ներքին Վաղուհաս, և հիմա այն պարզապես կոչվում է Վաղուհաս:
«Դեռ մեկ երեխա ունեմ, բայց, կարծում եմ, դա ժամանակի հարց է։ Այստեղ գրեթե բոլոր ընտանիքներն են բազմազավակ, եթե նորաստեղծ չեն։ Գյուղում ավանդույթի հարց է, որ բոլորը պետք է շատ երեխաներ ունենան։ Այստեղի մարդիկ այլ կերպ են հասկանում հայրենասիրությունը։ Կարծում եմ՝ նրանք հայրենասիրություն ասելով հասկանում են ոչ միայն կռվելը հայրենիքի համար, այլ՝ իրենց գյուղում ապրելն ու այն շենացնելը, շատ երեխաներ ունենալը», – ասում է Նարան։
Վաղուհասը Առաջին արցախյան պատերազմում ամենաշատ զոհեր ունեցած գյուղերից է՝ 60 զոհ է ունեցել, գյուղն ամբողջությամբ ավիրվել էր, տներն՝ այրվել: Սա, կարծես, ևս մեկ պատճառ էր երեխաներ ունենալու և կորուստը ինչ-որ չափով լրացնելու։
Այժմ այս անտառներով, սարերով շրջապատված գեղեցիկ գյուղի բազմաթիվ երեխաները որոշել են իրենց երիտասարդ ուսուցչուհու հետ մի նախաձեռնությամբ հանդես գալ և լուծել իրենց ամենաշատը հուզող խնդիրը: Այն է գյուղում ունենալ խաղահրապարակ և գրադարան:
«Ես շատ եմ սիրում կարդալ ու ոգևորված եմ, որ մեր գյուղում գրադարան է լինելու: Իմ սիրելի գիրքը «Հարրի Փոթեր»-ն է․ Չորս հատվածներն էլ կարդացել եմ հայերենով։ Ամռանը հիմնականում հեծանվասպորտով եմ զբաղվում, իսկ ազատ ժամանակ՝ գրքեր կարդում», – ասում է 9-րդ դասարան հաճախող Սլավիկ Պետրոսյանը, ով երազում է ատամնաբույժ դառնալ:
Լինա Աղաջանյանը Վաղուհասի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է, և Մայրենի լեզուն նրա սիրելի առարկան է. «Ես սիրում եմ գծային դրոշակ խաղալ, իսկ ազատ ժամանակ կարդում եմ: Վերջերս կարդացել եմ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհի» հեքիաթը։ Հետո մայրիկին եմ օգնում. ափսեներն եմ լվանում, տունն եմ հավաքում, բակն եմ ավլում»։
9-րդ դասարանցի Աղաջանյան Իրինան նույնպես ոգևորված է գրադարան ունենալու գաղափարով: «Ես երազում եմ բանասեր դառնալ։ Շատ եմ սիրում Մովսես Խորոնացու «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը։ Հիմա գյուղում միայն հայերեն գրքեր կան, և այլ լեզուներով ոչինչ չենք կարող կարդալ։ Ապագայում ուզում եմ լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և դասավանդել մեր գյուղում», – ասում է Իրինան:
Հինգ տարեկան Տիգրանը 1-ին դասարանում է սովորում և արդեն բոլոր տառերը գիտի։ Հավանաբար մյուսներից շատ է փոքրիկ Տիգրանը սպասում խաղահրապարակին: Ասում է սիրելի խաղը գործնագործն է, ու արդեն վարպետորեն է կարողանում խուսափել գնդակից։
«Ես սովորում եմ 8-րդ դասարանում։ Իմ սիրելի առարկան երաժշտությունն է։ Ուզում եմ երգիչ դառնալ։ Հայրենասիրական երգեր եմ երգում, օրինակ՝ Մոնթե Մելքոնյանի երգը։ Բայց բարձր դասարաններում երաժշտության դասեր չենք ունենում, գյուղում էլ երաժշտական դպրոց չկա։ Դհոլ եմ սիրում, չունեմ, բայց շատ կուզենայի ունենալ», – անկեղծանում է Հայասեր Մուսայելյանը:
8-րդ դասարանցի Էդգար Ղարախանյանը ոգևորված պատմում է Դիլիջանում անցկացրած ամառային ճամբարի մասին, բայց իրենց գյուղի բնությունն էլ է շատ սիրում: Ասում է՝ Վաղուհասում մյուս գյուղերի համեմատ երեխաները շատ են: Ցավոք, այդ բազմաթիվ երեխաները չունեն խաղահրապարակ ու գրադարան: «Ուզում եմ ինժեներ դառնալ։ Իմ սիրելի առարկաները հանրահաշիվն ու ֆիզիկան են», – նշում է Էդգարը։
Անի Ասլանյանը 12 տարեկան է, ասում է, որ ընթերցելուց բացի սիրում է խաղալ իր քույրերի ու եղբայրների հետ։ Բայց որ մեծանա, պիտի իր շուրջ բոլորին գեղեցկացնի: «Ուզում եմ դիմահարդար դառնալ, որովհետև մեր գյուղում դիմահարդար չկա», – ասում է Անին։
Նրա համադասարանցի Սոնյա Զաքարյանը նույնպես ընթերցանության սիրահար է, և գրողների մեջ տարբերություն չի դնում՝ բոլորին հավասարաչափ սիրում է: Հավանաբար, գրադարանի մշտական այցելուներից է լինելու:
13 տարեկան Արտյոմ Զաքարյանը պատմում է, որ հաճախ իր հայրիկին է օգնում այգում: Օրինակ, նռան ծառ է տնկել ինքնուրույն։ Երբ դպրոցն ավարտի, ուզում է դառնալ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Նախագիծ գրելու հնարավորության մասին վաղուհասի երեխաները իմացել են «Դասավանդիր Հայաստան»-ի մասնագետների այցից ու դասընթացից հետո: Ստացած գիտելիքներն անմիջապես որոշել են կիրառել կյանքում, կազմել են յոթ նախագիծ՝ համայնքի տարբեր խնդիրներ լուծող և դիմել տարբեր կազմակերպությունների, այդ թվում «ռեԱրմենիա»-ին: Դեռ այս նախագիծը չավարտված, արդեն նոր նախաձեռնություններ են մշակում, ուզում են այգեգործությամբ զբաղվել, մեծ նպատակներ ունեն: Լավ հասկանում են, որ իրենց գեղեցիկ, բայց նորարար տեխնոլոգիաներից հեռու գյուղի ապագան իրենք են, և հենց իրենք պիտի այն պաշտպանեն ու զարգացնեն: Այսօրվա պարզ երեխայական երազանքի իրականացումը կարող է լավ ոգևորիչ սկիզբ դառնալ նրանց համար, համոզել, որ կյանքում ամեն բան հնարավոր է ու նրանք մենակ չեն պայքարում խնդիրների հետ:
Գյուղում շատերն են այգի մշակում, թռչնաբուծությամբ ու այգեգործությամբ զբաղվում։ Տղամարդիկ հիմնականում աշխատում են Base Metals ոսկու հանքում, կանայք՝ դպրոցում: Պատերազմի արդյունքում ոսկու հանքի պատկանելությունը փոքր-ինչ կասկածի տակ դրվեց, և գյուղացիների հիմնական եկամուտի աղբյուրը վտանգի տակ դրվեց: Սա, իհարկե, ևս մեկ առիթ է երեխաներին լավ կրթության հնարավորություն տալու համար:
«Ես Վաղուհասում հարս եմ, – պատմում է Նարան: – Ծնվել և մեծացել եմ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Երբ ավարտեցի բակալավրիատը, Վաղուհասում դասվարի կարիք կար, ապագա ամուսնուս մայրը դպրոցում էր աշխատում, ինձ առաջարկեց երկու ամսով գալ գյուղ ու աջակցել իրենց, ես էլ ընդունեցի առաջարկը։ Հետո նորից գնացի Ստեփանակերտ՝ մագիստրատուրաս շարունակելու, ծրագրավորման դասընթացներ անցա»։
Այժմ Նարան փոքրիկին է պահում, բայց, միևնույն է, օգնում է դպրոցին, վերջերս բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում դասեր է անցկացնում: Իր աշակերտներով շատ է հպարտանում. ամեն տարի գյուղից 10-15 աշակերտ մասնակցում է հանրապետական օլիմպիադաներին, որոնցից առնվազն 2-3-ը հասնում են եզրափակիչ փուլ։ Ավելի լավ արդյունքներին հասնելու համար պակասում է օտար լեզուների իմացությունը, որը մասամբ կարող է շտկվել հավաքագրվող գրադարանի շնորհիվ, գուցե՝ նոր մասնագետների ներգրավմամբ: Շատ հնարավոր է՝ այսօրվա երեխաները մոտ ապագայում լրացնեն այդ բացը, չէ՞ որ նրանք բոլորը երազում են ուսում ստանալուց հետո անպայման վերադառնալ իրենց սիրելի գյուղ:
«Գյուղում շատ հուշարձաններ ու խաչքարեր կան, որոնց կարող ես հանդիպել ամեն քայլափոխի․ դրանք ամենուր են, նույնիսկ՝ տան նկուղներում։ Այստեղի բնությունը շատ հարուստ է, կլիման շատ լավն է։ Կա մի ավանդույթ, որը պատմում է, որ «վաղուհաս նշանակում է «վաղ հես», այսինքն՝ սուրբ հող», – ոգևորված պատմում է Նարան:
Հենց նրա նախաձեռնությամբ և ուղղորդմամբ են երեխաները դիմել ռեԱրմենիա հարթակին՝ գրադարան հավաքելու և խաղահրապարակ կառուցելու նախագծերով: Այս պահին հարթակի շնորհիվ հավաքվել է ավելի քան 700 գիրք: Համագործակցությանը միացել են նաև Մայբուքսթոր և Զանգակ գրախանութները, որտեղ հատուկ արկղեր կան. բոլոր ցանկացողները կարող են գիրք գնել և թողնել այդ արկղում՝ երեխաներին փոխանցելու համար: Խաղահրապարակի համար պահանջվող գումարի 74%-ը նույնպես հավաքվել է արդեն: Ոգևորված գյուղացիներն արդեն սկսել են շինարարական աշխատանքները, համայնքապետ Հովհաննես Պետրոսյանն իր կողմից ասֆալտապատում է դեպի ապագա խաղահրապարակ տանղ ճանապարհը: Հավաքվող գրքերի ցանկը կարելի է տեսնել այստեղ: Դրամահավաքին կարելի է միանալ այստեղ: