ռեԱրմենիա. Արցախցիներին աջակցող բոլոր նախաձեռնությունները մեկ էջում
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ արցախցիներ զանգվածային տեղափոխվում են ՀՀ տարբեր բնակավայրեր։ Պետական և մանսավոր մի շարք նախաձեռնություններ և խմբեր տարատեսակ օժանդակություններ են ցուցաբերում մեր հայրենակիցներին։
Այս բոլոր օժանդակությունները մեկտեղվել են «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում: Հարթակի թիմը ստեղծել է տեղեկատվական էջ, որտեղ տեղահանված արցախցիներին աջակցող բոլոր նախաձեռնությունները ներկայացվում են մեկ վայրում: Էջում ներկայացված են հումանիտար աջակցության, բժշկական և հոգեբանական, ինպես նաև կացության ապահովմանն ուղղված նախաձեռնություններ:
«ռեԱրմենիա» թիմը մշտապես կապի մեջ է նախաձեռնությունների հեղինակների հետ, պարբերաբար ստուգվում են տրամադրվող աջակցությունների հասանելությունն ու մեկ ժամյա պարբերականությամբ թարմացվում են ամբողջական տվյալները: Հարթակում արդեն ներկայացված են հումանիտար աջակցության 25, բժշկական և հոգեբանական աջակցության 60 և կացության ապահովման 20 վստահելի նախաձեռնություններ:
«Որքան էլ որ ոգևորիչ են բոլորիս ջանքերը՝ Արցախի մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար, սակայն արդյունքները չեն լինի գոհացուցիչ, եթե ընդհանուր համակարգում չիրականացվի։ Նախաձեռնող բոլոր խմբերին առաջարկում ենք կապվել մեզ հետ, փոխանցել ինֆորմացիա՝ տեղեկատվության համակարգված ներկայացման համար», – նշում է հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանը։
Հարթակն այս օրերին իրականացնում է նաև իրավիճակի հետ առնչվող նախագծերի հրատապ դիտարկում 1-օրյա ժամկետում՝ չնվազեցնելով մանրամասն զննությունն ու անաչառությունը։ Արդեն հարթակում կան այդիպիսի մի քանի նախագծեր։
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։