
2010Թ.-ԻՆ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԿՀԱՅՏՆՎԻ ՎԱՐՇԱՎԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
Լեհական Wiadomości պարբերականը գրում է, որ հայկական «Արարատբանկ»-ի արժեթղթերը 2010թ.-ին կհայտնվեն Վարշավայի ֆոնդային բորսայի հարթակում: Բանկի նախագահ Աշոտ Օսիպյանը լեհական պարբերականին ասել է, որ այժմ «Արարատբանկ»-ի արժեթղթերը ներկայացված են Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում, սակայն Վարշավայի բորսայում շրջանառությունը անհամեմատալի ավելի մեծ է և իրենք հույս ունեն, որ բաժնետոմսերի կամ արժեթղթերի թողարկման միջոցով, մտնելով Վարշավայի բորսա կկարողանան նոր կապիտալ ներգրավել:
Վարշավային ֆոնդային բորսայի (WSE) զարգացման վարչության աշխատակից Ռոբերտ Կվյատկովսկին նշել է, որ ֆոնդային հարթակների վերականգնմանը զուգընթաց աճում են նաև ներդրողների հետաքրքրությունները արտասահմանյան ընկերությունների նկատմամբ: Այժմ Վարշավայի ֆոնդային բորսայում ցուցարկված են 25 արտասահմանյան ընկերություններ:
Պարբերականը նշում է, որ անցյալ տարի հայկական բանկի զուտ շահույթը կազմել է 11 միլիոն դոլար, իսկ 2008թ.-ի դեկտեմբերի դրությամբ բանկ ակտիվների ծավալը 234.1 միլիոն դոլար է: