ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՐՍՏ Է ԳՆԵԼ ԱՄՀ-Ի ՈՍԿՈՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Չինաստանի կառավարությունը քննարկում է ԱՄՀ ոսկու պահուստների գնման հնարավորությունը: Կառավարության ներկայացուցիչների հայտարարության համաձայն գործարքի կնքման հավանականությունը կախված է վաճառվող ոսկու դիմաց ԱՄՀ սահմանած գնից:
Հիշեցնենք, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է իր ոսկու պահուստների որոշ մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում է ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 400 տոննա ոսկի, ընդ որում համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար: Ինչպես նշել է ԱՄՀ գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը` ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն աղքատ երկրներին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունների ընդլայնմանը:
Պաշտոնական տվյալների համաձայն Չինաստանի ոսկու պահուստները ներկա դրությամբ կազմում են ավելի քան 1054 տոննա: