ԱՄՀ-Ն ԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ՎԱՃԱՌԵՑ ԵՎՍ 10 ՏՈՆՆԱ ՈՍԿԻ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) Շրի Լանկայի կենտրոնական բանկին վաճառել է 10 տոննա ոսկի իր պահուստներից: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 375 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՀ-ն Հնդկաստանին վաճառել էր 200 տոննա ոսկի` 6,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, որը կազմում է հիմնադրամի թանկարժեք մետաղների ընդհանուր պահուստների շուրջ 6%-ը, և 77.1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 2 տոննա ոսկի` Մավրիկիայի կենտրանական բանկին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արժույթի Միջազգային Հիմնադրամն (ԱՄՀ) այս տարվա սեպտեմբերին հաստատել է իր ոսկու պահուստների որոշ մասի վաճառման ծրագիրը: Վաշինգտոնում կայացած ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի շրջանակներում որոշում էր ընդունվել, որ միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունն իր ոսկու պահուստներից կվաճառի շուրջ 403.3 տոննա ոսկի, ընդ որում համաշխարհային շուկայում ոսկու գների տատանումից խուսափելու նպատակով ԱՄՀ-ն մտադիր է այս գործընթացն իրականացնել աստիճանաբար:
Ոսկու պահուստների վաճառքի արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն աղքատ երկրներին լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունների ընդլայնմանը: