
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱՄՆ-ԻՆ ՎԱՃԱՌԵԼ ՈՍԿՈՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Չինաստանի Ազգային բանկի վերլուծաբանները խորհուրդ են տալիս ամերիկյան կառավարությանը շարունակել կրճատել պետական ծախսերը և վաճառել ոսկու պահուստները: Այս կերպ, չինացի վերլուծաբանների գնահատմամբ, ԱՄՆ կառավարությանը կհաջողվի լուծել երկրի առջև ծառացած կրկնակի պակասուրդային խնդիրները, մասնավորապես բյուջեի պակասուրդի և առևտրային հաշվեկշռի պակասուրդի խնդիրները:
Վերլուծաբանների գնահատմամբ ԱՄՆ-ի ոսկու պահուստները գերազանցում են 8 հազար տոննան, և, ըստ Չինաստանի Ազգային բանկի ներկայացուցիչ Սյա Բինի, ԱՄՆ կառավարությունը կարող է ներգրավել լրացուցիչ միջոցներ` վաճառելով ոսկու պահուստների մի մասը, և այդ միջոցներն ուղղել տնտեսության խթանմանն` առանց որևէ ճնշում գործադրելով երկրի բյուջեի վրա: Չինացի վերլուծաբանները վստահ են, որ ԱՄՆ-ն չի կարող հաղթահարել իր խնդիրները, եթե հույսը դնի միայն «փող տպելու» վրա: