ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՆՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԲ ԶԵԿՈՒՅՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել Աղետների նվազեցման եւ վերականգնաման գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, ոլորտի քաղաքականությունը մշակողներ եւ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով բնական աղետների հնարավոր ռիսկերի, դրանց սոցիալ-տնտեսական հետեւանքների, երկրում աղետներին դիմագրավելու կարողությունների հզորացման մասին, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում։ Հայաստանն առավել, քան որեւիցե երկիր, քաջ գիտակցում է, թե ինչ հետեւանքների է բերում աղետալի իրադարձությունը։ Ընդամենը 21 տարի է անցել Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, բայց մենք դեռեւս զգում ենք դրա տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական հետեւանքները։
Ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է սովորենք կառավարել ռիսկերը։ Դա նշանակում է, որ պետք է ունենանք ժամանակակից կառավարման համալիր համակարգ, որը հնարավորություն է տալիս կանխատեսել աղետները, ինչը չափազանց դժվար իրագործելի է։ Այդուամենայնիվ, Հայաստանը բավական լուրջ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։
Երկրորդ ուղղությունը կանխարգելիչ միջոցառումներն են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հաճախակի են երկրաշարժեր, սողանքներ, ջրհեղեղներ լինում, ի սկզբանե պետք է այնպիսի ծրագրեր մշակենք եւ իրականացնենք, որոնք նվազեցնում են այս ռիսկերի դրսեւորման բացասական հետեւանքները»։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն իր խոսքում նշել է, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը ենթակա է աղետների ռիսկի։ Հայաստանին սպառնում են բազմաթիվ բնական աղետներ, որոնք վերջին տասնամյակներին որոշ սոցիալ-տնտեսական վնասներ են հասցրել երկրին եւ շարունակելու են մեծ ծավալներով խլել պետության սահմանափակ միջոցները, քանի դեռ կառավարությունը նախահարձակ գործողություններ չի ձեռնարկել ռիսկերի նվազեցման եւ աղետներին նախապատրաստվելու ուղղությամբ։
Առաջարկություններ են ներկայացվել Հայաստանում բնական աղետների ռիսկի նվազեցման եւ պատրաստվածության համապարփակ ազգային ծրագրի մշակման համար, որոնք հիմնված են երկրում աղետների ռիսկերի եւ դրանց արդյունավետ դիմագրավմանն ուղղված առկա համակարգերի, մեխանիզմների ու կառուցվածքային կարողությունների վերլուծության վրա։ Առաջարկվել է նաեւ համայնքներին տրամադրել հավելյալ լիազորություններ, աջակցել նախաձեռնությունները, խթանել պետության եւ մասնավոր հատվածի գործակցությունը։