Հայկ Մնացականյանը՝ գնաճի, հետպատերազմական տնտեսության ու անելիքների մասին
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ զրուցել ենք հետպատերազմական Հայաստանի տնտեսական հեռանկարների մասին։
Հիշեցնենք՝ վերջերս ՀԾԿՀ-ն քննեց ու որոշեց՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա։ Իհարկե հոսանքի գնի բարձրացումը վերաբերում է խոշոր սպառողներին, որոնք հիմնականում զբաղվում են արտադրությամբ։ Ենթադրելի է ու նույնիսկ օրինաչափ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը շղթայական գնաճի առիթ ու պատճառ է դառնալու։ Սա էլ պատերազմի ու համավարակի պատճառով հետզհետե ծնկող տնտեսության պայմաններում հերթական «նվերն» է՝ 2021-ին ընդառաջ։
Հայկ Մնացականյանն ուսումնասիրել է հոսանքի թանկացման հիմնավորում։ Ըստ տնտեսագետի՝ հիմնավորումն այնքան էլ հիմնավոր չէ։
Առհասարակ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նկատելի է, որ տնտեսական հեղափոխություն, գոնե դիպվածային եզրույթի դրական իմաստով, չեղավ։ Այդքան խոստացված, սպասված, բայց այդպես էլ տեղ չհասած ներդրումները հիմա առավել քան երբևէ Հայաստան չեն գա։ Ներդրողին հետաքրքրում են այն շուկաները, որոնցում կան կայունություն ու եկամտաբերություն, իսկ այստեղ նույնիսկ քաղաքական դաշտն է անկայուն։ Ըստ Հայկ Մնացականյանի՝ ստեղծված պայմաններում Հայաստանում ներդրում անելիս, կանեն միայն անհույս հայրենասերները։
Տնտեսագետի խոսքով՝ ամրանալու ու հզորանալու մի տարբերակ կա՝ կրթության ոլորտի բարելավվումը, պրոֆեսիոնալին իր իսկ ոլորտում «օգտագործելը» և ազգային արժեքների պահպանումը։