Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 426.00+1.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 95.45-1.44 WTI - 93.16-2.06
COMEX:  GOLD - 4434.40-0.29 SILVER - 73.78+0.92
COMEX:  PLATINUM - 1880.10+0.04
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.95+0.01 EUR/GBP - 1.1613+0.09
FOREX:  EUR/USD - 1.1613+0.09 GBP/USD - 1.3423+0.04
STOCKS RUS:  RTSI - 1093.91-2.10
STOCKS US: DOW JONES - 51561.93+1.73 NASDAQ - 26830.96-0.09
STOCKS US: S&P 500 - 7584.31+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10360.32+0.27 CAC40 - 8244.29+1.15
STOCKS EUR:  DAX - 24944.95+0.60
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Կենտրոնական բանկ. Թողարկվել է 2 հուշադրամ
18/01/2021 12:17
Կիսվել

Կենտրոնական բանկ. Թողարկվել է 2 հուշադրամ

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ:

Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000

Մետաղը/հարգը արծաթ՝ 925

Քաշը՝ 33,6

Տրամագիծը՝ 40,0

Քանակը՝ 500

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Որակը՝ պրուֆ

Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթևի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի հոգևոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ: Դասավանդել է նաև Մեծոփավանքի և Սաղմոսավանքի հոգևոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:

1390 թ. նա հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ: Տաթևացու օրոք Տաթևի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին և դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն:

Տաթևացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» և «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաև «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած և ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։

Դիմերես՝ Տաթևի վանքը:

Դարձերես՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000

Մետաղը/հարգը արծաթ՝ 925

Քաշը՝ 33,6

Տրամագիծը՝ 40,0

Քանակը՝ 500

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Որակը՝ պրուֆ

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» – «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում: Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37