Krisp-ը 9 մլն դոլար ներդրում է ներգրավել
Տեխնոլոգիական լուրերի համաշխարհային առաջատար ամերիկյան TechCrunch հարթակը տեղեկացնում է, որ հայկական Krisp ընկերությունը ներգրավել է 9 մլն դոլար ներդրում, ի հավելում, դեռևս անցյալ տարի ամռանը ներգրավված 5 մլն դոլարի։
Հիշեցնենք, որ Krisp-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից։
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը TechCrunch-ին հայտնել է, որ անցյալ տարվա ընթացքում իրենց ակտիվ բաժանորդների թիվն աճել է 20 անգամ, կորպորատիվ բաժանորդների թիվը՝ 23 անգամ, իսկ պարբերական եկամուտը՝ 13 անգամ։ Krisp-ն այժմ ունի 1200 կորպորատիվ բաժանորդ, որոնց թվում աշխարհի խոշորագույն զանգերի կենտրոններ և այլ հայտնի ընկերություններ։ Հավելենք նաև, որ 2021թ. դրությամբ ընկերությունը գնահատվում էր 120 մլն դոլարից ավել։
«Ուրախ եմ կիսվել Krisp-ի $9 միլիոն նոր ներդրման լուրով։ Ընդհանուր ներդրման չափն արդեն $17.5 միլիոն է։
Հատկապես հպարտ եմ քանի որ այս գործարքը պայմանավորվել ենք 44-օրյա պատերազմի դժվար օրերին։
Krisp-ի թիմին այնքան են վստահում, որ նույնիսկ պատերազմի օրերին մի պահ կասկածի տակ չդրվեց մեր ընկերության պոտենցիալը։ Ցանկանում եմ, որ հենց այսպիսին լինի հայկական բրենդի ընկալումն աշխարհով մեկ։
Ամեն ինչ դեռ առջևում է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Բաղդասարյանը։