Մեկնարկել է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ ArmIGF 2021 համաժողովը
Հոկտեմբերի 8-ին մեկնարկեց Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը (ԻԿԽ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համատեղ։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, RIPE NCC արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը, ArmIGF համակարգող, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը։
Մասնակիցներին ողջունեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը, ներկայացրել է ինտերնետ կառավարման համաժողովի ստեղծման պատմությունը․
«Այս տարի 6-րդ անգամ ենք անցկացնում Հայկական ինտերնետ կառավարման համաժողովը։ Այն ազգային հարթակ է, որտեղ հնարավորություն ունենք քննարկելու ինտերնետին և ինտերնետ կառավարմանն առնչվող հարցեր։ Բոլոր այն հարցադրումները, խնդիրները, որոնք առնչվում են այդ թեմաներին ամեն տարի մենք վեր ենք հանում, քննարկում և փորձում գտնել լուծումներ, խորհուրդներ տալ բոլոր շահակիր խմբերին։ Այդ խմբերը պետական մարմիններն են, ակադեմիան, տեխնիկական համայնքը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները»,- նշեց Լիաննա Գալստյանը։
Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ՝ առցանց ուսուցման առավելությունների և թերությունների, թվային տեխնոլոգիաների ներառականության, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության, ատելության խոսքի, .հայ տիրույթի նորությունների և համընդհանուր ընկալման վերաբերյալ։
Համաժողովի հիմնական նպատակն է ազատ հարթակ տրամադրել բոլոր շահառու խմբերին՝ պետական, մասնավոր, հասարակական կազմակերպություններին, գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական խնդիրները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
Համաժողովի աշխատանքի ընթացքում ձևավորված առաջարկությունների հիման վրա Ինտերնետ կառավարման հանձնաժողովը կմշակի փաթեթ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ աշխատանքային ծրագրերում ներառելու նպատակով, ինչպես նաև դեկտեմբերի 6-10-ը Կատովիցեում (Լեհաստան) կազմակերպվող 16-րդ Ինտերնետ կառավարման համաշխարհային համաժողովին։