ՍԱՏՄ-ն Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
Սանիտարահիգենիկ պայմանների ոչ բավարար լինելու պատճառով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչիկ Հարթենյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Գյումրի) և պարզել, որ այդ կազմակերպությունում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն, արտադրամասի հատակը, պատերը, առաստաղը լվացվող և ախտահանվող չեն, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, նախատեսված չեն համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար:
Վերոնշյալ փաստերի հիման վրա հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: