Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64024.60-3.85 TOPIX - 3852.38-2.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24657.06-1.22 SSEC - 3959.34-1.70
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
08/06/2026  CBA:  USD - 368.53-0.01 GBP - 491.66-4.91
08/06/2026  CBA:  EURO - 424.73-4.25
08/06/2026  CBA:  GOLD - 51721-1563 SILVER - 860.85-9.8
«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք չի կարող արտահանվել ՌԴ
08/02/2022 15:48
Կիսվել

«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք չի կարող արտահանվել ՌԴ

Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշեցին՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։

«Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», -ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը:

Նա վստահեցրեց՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ: «Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- փոխանցեց մամուլի քարտուղարը։

Նա նաև հավելեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։

«Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»: «Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: 2021-ի երևի օգոստոս-սեպտեմբերին մեր ապրանքը մաքսակետում բարձված կանգնեցրել են և ասել, որ չեն թողնում: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ թույլ տվեցին, որպեսզի այդ խմբաքանակն արտահանվի, բայց հետո փոխեցինք անվանումը: Անցումը, փոփոխությունը շատ արագ կազմակերպեցինք»,-ասաց ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ հավելելով, որ ըստ էության ռուսական կողմից «մածուն» անվան հետ կապված խոչընդոտ չի ներկայացվել, բայց քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է Վրաստանով, այդ դեպքում խնդիր է առաջանում՝ մակնշման հետ կապված:

Ըստ նրա՝ ընտրվել է ամենամոտ անվանումը, որով կարելի էր փոխարինել՝ «հայկական սարի յոգուրտ»: Այդ դիզայնով  այդ արտադրանքը ռուսաստանաբնակ սպառողներն արդեն ճանաչում են: Կարապետյանի տեղեկությամբ՝ Վրաստանը աշխարհագրական նշումը գրանցել է շատ տարիներ առաջ, սակայն մինչև վերջերս պահանջ չի ներկայացվել, արգելք, խոչընդոտ չի եղել:

Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Ռուսաստանում վաճառքի ծավալների վրա, խնդիրներ կառաջացնի՞ արդյոք, նա պատասխանեց, որ հարցեր շատ են հնչում, թե ինչ է, նույն դիզայնով կարծես թե ուրիշ արտադրանք է: «Բայց ունենք ներկայացուցիչներ, խանութներին էլ տեղեկացնում են փոփոխության իմաստը, որ սպառողը հասկանա, որ դա նույն մածունն է: Խնդիրն այն է, որ մածունը հայկական է, ինչո՞ւ պետք է չկարողանանք այդ անվանումով ներկայանալ: Նաև ստիպված ենք եղել նոր տպագրություն պատվիրել, դա էլ ֆինանսական ծախերի հետ է կապված»,-ասաց նա:

Ընկերությունը փոխել է մածունի միայն արտահանվող խմբաքանակի անվանումը: Տեղական շուկայում այն կշարունակի վաճառվել նույն մակնշմամբ:

Աննա Գրիգորյան

08/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
-0.01
Եվրո (EUR)
424.73
-4.25
Ռուբլի (RUR)
5.0215
+0.0169
Լարի (GEL)
138.51
+0.13
51721
-1563
Արծաթ
860.85
-9.8