ՆԱԽԱԳԱՀ – ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆ Է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) 4-րդ համագումարին, որտեղ ներկայացվել է ԱԱՊ-ի անցած հինգ տարվա գործունեությունը, ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել 2011-2015թթ. ժամանակահատվածի ծրագրերը: Տեղի են ունեցել նաև Պալատի ղեկավար կազմի՝ նախագահի և նախագահության անդամների ընտրություններ:
Ողջունելով ԱԱՊ 4-րդ համագումարի պատվիրակներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ համագումարն ամենալավ առիթն է ամփոփելու, գնահատելու կատարված աշխատանքը և այդ գնահատականների ու եզրակացությունների հիման վրա վերանայելու ու նոր երանգներ մտցնելու պալատի գործունեության մեջ. «Համոզված եմ` քաջատեղյակ եք բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով հանդես է եկել կառավարությունը վերջին ամիսների ընթացքում: Փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, այդ մարմինների աստիճանական անցումը սկզբունքորեն նոր աշխատաոճի, գերավճարների խնդրի լուծումը, սարքավորումների ներկրման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հետաձգումները, նորարարական արտադրություն հիմնելու դեպքում շահութահարկից ազատելու պատրաստակամության մասին հայտարարությունը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացի սկիզբը և մի շարք այլ նախաձեռնություններ վկայությունն են այն բանի, որ կառավարությունն ակտիվացրել է գործարար միջավայրի կտրուկ բարելավմանն ու գործարարության խթանմանն ուղղված քաղաքականությունը: Այս բոլորը, ինչպես նաև դեռ սպասվելիք նոր նախաձեռնությունները, հիմք են ստեղծում, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք փոխել գործարար տրամադրությունները մեր երկրում, ներարկենք նոր ոգի, նոր եռանդ և, ամենակարևորը, հավատ` ավելի մեծ նպատակների ձգտելու հարցում»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահը նաև ընդգծել է, որ անընդհատ ափոփոխ իրականությունը պարտադրում է փոփոխություններ նաև բոլոր գործելաոճում, ինչը հատկապես անխուսափելի է գործարարներին միավորող կառույցների համար, քանի որ գործարարությունն ամենաշատն է պարտավոր հետ չմնալ համաշխարհային տնտեսության չափազանց դինամիկ տեմպերից: «Եթե ընդամենը տարիներ առաջ գործարարների ինքնակազմակերպումն ապահովող կառույցները, այս դեպքում` Առևտրաարդյունաբերական պալատը, կարող էին նկատելի արդյունքների հասնել տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ աջակցման, կազմակերպական և շահերի պաշտպանությանը միտված գործողությունների շնորհիվ, ապա այսօր դա արդեն բավական չէ: Տնտեսական երևույթների, արտաքին ազդակների փոփոխականության և միջազգային շուկայում ծավալվող մրցակցության կտրուկ ուժեղացման պայմաններում, որպես ձեռներեցների միավորող կառույց, Առևտրաարդյունաբերական պալատը, իր անդամների փորձից ու ստացած ազդակներից ելնելով` իր խորհուրդներով, իր աշխատանքով պետք է ակտիվորեն մասնակցի նոր տնտեսական միջավայրին համահունչ քաղաքականության մշակմանն ու իրագործմանը», – նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև խոսել է տեղական արտադրության խթանման անհրաժեշտության մասին` փաստելով. «Այդ տեսակի գործունեությունն, իհարկե, շատ ավելի աշխատատար է: Այն պահանջում է նոր ռեսուրսներ ու բարդ հաշվարկներ: Սակայն մեր տնտեսության բոլոր փորձագիտական գնահատումները ցույց են տալիս, որ մեր երկրում առկա են չօգտագործված հնարավորություններ և նման աշխատանք կատարելու համար անհրաժեշտ մասնագետներ»:
«Այս նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է ամրապնդել այն կանոնները, որոնց համաձայն պիտի կառավարվի երկրի ձեռնարկատիրական դաշտը: Խոսքս ոչ թե զուտ օրենսդրական կարգավորման (որտեղ, ի դեպ, իրավիճակը բավականին բարվոք է), այլ պատասխանատվության գիտակցմամբ ձևավորվող աշխատանքային նոր ավանդույթներ ստեղծելու մասին է: Անընդունելի են այն երևույթները, երբ ձեռներեցը երկար-բարակ մտածում ու մեխանիզմներ է մշակում հարկերից խուսափելու համար կամ չարաշահում է իր գերակշռող դիրքը շուկաներում` գերշահույթ ստանալու համար: Հատկապես անհասկանալի է նման վարքը մեծ տնտեսավարողների դեպքում, որոնք առանց այդ էլ իրենց չափերի ու շրջանառության շնորհիվ առավելություն ունեն», – ամփոփելով իր խոսքը` նշել է նախագահը: