«Մայր Հայաստան» ցուցադրությանը ներկայացված են բացառիկ էսքիզներ
«Մայր Հայաստան» հուշարձանի և պատվանդանի ստեղծման պատմությունը հանրությանը ներակայացվում է յուրովի։ Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Մայր Հայաստան» ցուցադրությունը։ Մեկ սրահում հավաքվել են ինչպես Հայաստանի խորհրդանշական կոթողի ստեղծողների՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած էսքիզները և նախագիծը, այնպես էլ իրականություն չդարձաձ հաղթակամարի գաղափարները։ Թանգարանին հաջողվել է գտնել և ցուցադրել 1944 թվականին Խորհրդային Հայաստանում հաղթակամարի կառուցման մրցույթին ներկայացված աշխատանքներից չորսը։ Բացի այդ ամփոփվել են նախքան «Մայր Հայաստանի» տեղադրումը Ստալինի հսկա արձանի կանգնեցման և ապամոնտաժման պատմությունները։
Ցուցադրությունը պաշտոնապես բացվեց հեղինակների ժառանգների, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և ճարտարապետական հանրության ներկայությամբ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրենին և նվիրյալ աշխատակիցներին՝ խորհրդանշական հուշահամալիրի հետ կապված պատմություններն ու դրանց իրեղեն վկայություններն ամբողջացնելու, այցելուներին հետաքրքիր բացահայտումներով տպավորելու համար։ Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանն ընդգծեց, որ գաղափարը կյանքի է կոչվել երկու տարվա աշխատանքի արդյունքում և երկու արվեստագետների ընտանիքների աջակցությամբ։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու նաև հետաքրքիր մանրամասներ հուշահամալիրի հեղինակների մասին: Արա Հարությունյանի դուստր Սուսաննա Հարությունյանը պատմեց, թե ինչպես է հայրը մի քանի էսքիզ փորձել նախքան հայ կնոջ հավաքական կերպարի կերտումը, և թե ինչ դժվարություններով է արձանը գիշերով տեղափոխվել. «Համաշխարհային քանդակագործության մեջ եզակի դեպքերից էր, երբ արձանը տեղադրվում էր գոյություն ունեցող պատվանդանի վրա։ Լինելով տաղանդավոր մոնումենտալիստ՝ Արա Հարությունյանն այդ բարդ խնդիրը փայլուն լուծեց, ինչի շնորհիվ «Մայր Հայաստանն» ու պատվանդանը մեկ ամբողջություն են ընկալվում»։
Անդրադառնալով Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ուղուն՝ նրա թոռ Արամ Ղանալանյանը համոզմունք հայտնեց, որ ցուցադրությունը նշանակալի դեր կունենա Ռաֆայել Իսրայելյանի հսկայական արխիվի պահպանման, աշխատանքների հանրահռչակման գործում, նաև ուսանելի և ոգեշնչող կլինի երիտասարդ մասնագետների համար։
«Մայր Հայաստան» ցուցադրությունն այցելուների համար կգործի ամբողջ ամառ։