ԵՐԵՎԱՆԻ ՈՐՈՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՑԱԾՐ Է ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ
Երևանի քաղաքապետարանում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ հիմնականում չեն փոխվել։ Դրական աճի միտում է արձանագրվել միայն 3 վարչական շրջանների կատարած աշխատանքների մասով։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում դեռևս ցածր է ֆինանսական և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը։
Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անթույլատրելի է համարել բացթողումներն ու հանձնարարել արմատապես փոխել մոտեցումները աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ:
Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը ապօրինաշինությունների և հողազավթումների դեմ պայքարի, ինչպես նաև պարտադիր բարեկարգման պայմանագրերի կնքման և դրանց կատարման ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձին տարածքներ ապահովելու ուղղությամբ։