ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ»
Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն. պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները միտում ունեն անընդհատ բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունն ու գործարարությամբ զբաղվելու ազատությունն ու պաշտպանվածությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման շրջանակներում:
ՀՀ նախագահը, կոչ անելով Իտալիայի գործարարներին ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, ընդգծել է, որ ներկայումս Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխվել են որակական նոր մակարդակ, ինչը նոր հնարավորություններ է բացում նաև հայ-իտալական գործարար համագործակցության համար:
Նշենք, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ: Առաջիկայում կմեկնարկեն Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, որոնց ավարտից, փաստաթղթերի կնքումից հետո, Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ առավելագույնս ինտեգրացված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: